Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանորեն վերահսկելով Թուրքիայի ներսում գործող գործակալական ցանցը, իրազեկ է դարձել բազմաթիվ քաղաքական գործիչների կյանքի մանրամասներին: Դրա համար նա ուներ լիազորություններ և կարողություններ, ինչպես նաև կատարելապես տիրապետում էր թուրքերենին: Ավելի քան 3 տարի Թուրքիայում պաշտոնավարելուց հետո Հարըլդ Արմսթրոնգը, օգտագործելով տարիների իր հավաքած տեղեկությունները, Թուրքիայի մասին 2 սկզբնաղբյուրային նշանակություն ունեցող գիրք է գրում. Harold Armstrong. Turkey in Travail, The Birth of a New Nation. London, 1925 [Թուրքիան երկունքի ցավերի մեջ, մի նոր ազգի ծնունդ]; և H.C. Armstrong. Gray Wolf, Mustafa Kemal – An Intimate Study of a Dictator, New York, 1933 [Գորշ գայլը՝ Մուստաֆա Քեմալ – մի բռնակալի անձնականի ուսումնասիրություն]: Հատկապես բացառիկորեն արժեքավոր է նրա երկրորդ գիրքը:

Առ այսօր Քեմալ Աթաթուրքի մասին հարյուրավոր գրքեր են գրվել: Սակայն դրանք ավելի շատ հիշեցնում են Ստալինի ժամանակ Ստալինի մասին գրված գրքերը, քան լուրջ գիտական ուսումնասիրություններ են: Դրա համար մի շարք պատճառներ կան: Պատճառներից մեկն այն է, որ Թուրքիայի Հանրապետության քրեական օրենսգիրքը (հոդվածներ 301; 305; 306) հնարավորություն է տալիս հետապնդել Աթաթուրքի մասին ցանկացած հրապարակման հեղինակի, որի բովանդակությունն իշխանությունները կհամարեն վիրավորանք, թեև իրականում այդպիսին կարող է և չլինել: Քանի որ բրիտանացի դիվանագետ և հետախույզ Հարըլդ Արմսթրոնգը վաղուց է մահացել, ուստի մտահոգություն չունենք նրա համար: Պարզապես հատվածաբար մեջբերումներ անենք նրա գրքից՝ լուսաբանելու համար Մուստաֆա Քեմալի (հետագայում Աթաթուրք) կյանքի պակաս հայտնի կողմերը:

Ամենայն հավանականությամբ Wiikileaks-ի ունեցած նյութերը վերաբերում են Աթաթուրքի անձնական կյանքի ծածուկ կողմերին: Իսկ որ այդպիսի նյութեր շատ կան դա փաստ է: Ես ինքս եմ տարբեր արխիվներում կարդացել 1920-30-ականների զանազան դիվանագիտական զեկուցագրեր Աթաթուրքի մասին, որոնք արժանի են տպագրվելու Playboy-ի կամ Instinct-ի էջերում: Հարկ եմ համարում ընդգծել, որ քաղաքական գործիչների անձնական կյանքի մանրամասներն արդեն անձնական չեն իրենց բուն էությամբ: Անձնականը զգալապես պայմանավորում է մարդկային մտածողությունը, որն էլ իր հերթին որոշումներ կայացնելու հիմքն է: Որոշումներ, որոնցից հազարավոր մարդկային կյանքեր և պատմական շրջադարձեր են կախված: Անձ-