Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/389

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ման համար: Դարեր շարունակ այս դերը վերապահված է եղել հայերին և հույներին: Մեղավորների բոլոր աթոռները զբաղեցված էին, ուստի թուրք հասարակությունն այս դերի համար դյոնմեների կարիքը չուներ: Ըստ այդմ, դեռևս 1920-ականների դյոնմեներն ավելի շատ մուսուլման էին համարվում, քան՝ հրեա: Օրինակ, երբ 23.01.1923թ. համաձայնագրի հիման վրա Հունաստանի և Թուրքիայի միջև սկսվեց բնակչության փոխանակումը, ապա դյոնմեները ներառված էին մուսուլմանների մեջ և ենթակա էին փոխանակման, թեև հրեաները զերծ էին փոխանակումից: 1940-ականներին, ինչպես վերը տեսանք, նրանք արդեն դիտարկվում էին, որպես միջանկյալ խումբ մուսուլմանների և ոչ-մուսուլմանների (հրեաների) միջև: Պատերազմի վտանգը հնարավորինս շատ դրամ շորթելու խնդիր էր առաջ բերել, իսկ դա կարելի էր ավելի հաջող անել, երբ հասարակությունը բաժանվում է մերոնքականների և ոչ մերոնքականների: ԽՍՀՄ փլուզումից հետո, այսինքն՝ արտաքին վտանգի բացակայության պայմաններում, Թուրքիան, ինչպես իրեն հարգող ամեն մի տոտալիտար երկիր, կարիք ունի նոր թշնամու: Արտաքին թշնամու տարազը միշտ էլ կարելի է հագցնել հայերին և հույներին: Սակայն ակնհայտ է, որ դա բավարար լինել չի կարող, քանզի այդ երկրները չեն կարող լուրջ վտանգ ներկայացնել Թուրքիայի համար: Ահա այստեղ օգնության է գալիս նենգ դյոնմեի՝ շուռ տված հրեայի, կերպարի կարիքը: Եւ քանի որ թուրքական մտածողության մեջ առ այսօր իշխում է տոհմացեղային մտածողությունը, այսինքն՝ ոչ թե անհատն է պատասխանատու իր արարքների համար, այլ նրա ողջ ցեղը, ապա Իսրայելի քաղաքականության համար պատասխանատու են ընկալվում բոլոր հրեաները, անգամ նրանք, ովքեր վաղուց հրեա չեն: Ի դեպ, այս իսկ պատճառով առ այսօր անգամ Թուրքիայի բարձրագույն իշխանավորները չեն կարողանում հասկանալ, որ Վանում ենթադրյալ ապստամբության համար, եթե մինչևիսկ այս հիմնազուրկ վարկածն ընդունենք, պատասխանատու էին միայն ապստամբները և ոչ թե նրանց ցեղակիցները Կեսարիայում, Սեբաստիայում, Խարբերդում կամ Տրապիզոնում:

Թշնամու կերպարի որոնման ճանապարհին և այդ իսկ պատճառով ներկայումս թուրք հասարակությունը ավելի շատ հակված է դյոնմեներին դիտարկել որպես հրեա: Հասարակական ընկալման այս փոփոխությունն իր արտացոլումն է գտնում նաև դատական որոշումներում: Օրինակ, 2001թ. Ստամբուլի 9-րդ շրջանի առաջին աստիճանի դատարանը, քննելով դյոնմե Իլգազ Զորլուի (Ilgaz Zorlu) հայցը՝