Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քննարկելու Հայոց ցեղասպանության հարցը, քանի որ ցեղասպանությունը զուտ պատմական իրադարձություն չէ, ինչպես փորձում են ներկայացնել մեր թուրք բարեկամները: Ցեղասպանությունը միջազգային հանցագործություն է, և որպես միջազգային իրավունքի և միջազգային իրավունքի ոտնահարման հարց, ենթակա է Արդարության միջազգային դատարանի իրավասությանը (Արդարության միջազգային դատարանի կանոնադրություն, հոդված 36.2 (բ, գ, դ,); Statute of the International Court of Justice, article 36.2(b, c, d)):

Ընդհանրապես մեր հարցերի փոխանցումը քաղաքական դաշտից իրավական դաշտ մեզ համար ավելի շահեկան է: Թեկուզ այն պատճառով, որ մենք ստիպված չենք լինելու դիմակայել մեզանից քաղաքականապես անհամեմատ ուժեղ թուրքական պետությանը, այլ գործելու ենք իրավահավասարության դաշտում: Հարկ եմ համարում ընդգծել՝ այս անցումը պիտի լինի անշտապ, աստիճանական, բայց հետևողական: Մենք պիտի պատրաստ լինենք դրա համար: Ցավոք չենք: Չինացուն հարցնում են՝ ե՞րբ է ծառ տնկելու հարմար ժամանակը: Չինացին պատասխանում է՝ դա 20 տարի առաջ էր: Մենք անկախացել ենք գրեթե 20 տարի առաջ: Եթե այն ժամանակներից սկսեինք մասնագետներ պատրաստել, հիմա մի ողջ սերունդ կունենայինք:

Պատմությունը վկայում է, որ իրավական դաշտում հաջողության հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Երբ ուսումնասիրում ենք իրավական դաշտում Հայկական հարցի մի բաղադրիչը հանդիսացող Հայոց ցեղասպանության քննարկումների ընթացքը, ապա միանգամայն ակնհայտ է դառնում իրավական դաշտում պայքարի շահեկանությունը: Չի եղել մի որևէ իրավական ատյան կամ Հայոց ցեղասպանությանը վերաբերող որևէ իրավական գնահատական, որտեղ կասկածի տակ դրվի Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Այդպես է եղել սկսած թուրքական ռազմական դատարանի դատավարություններից (այդ ժամանակ թեև ցեղասպանություն եզրը դեռևս ստեղծված չէր, սակայն դատարանն իր վճիռների մեջ տվել է դրա նկարագրական մասը), վերջացրած Wikileaks-ի Ջուլիան Ասանջի դատապաշտպան Ջեֆրի Ռոբերտսոնի (Geoffry Robertson) իրավական վերլուծությամբ ու գնահատականով: Ամերիկյան իրավագիտական միտքը նույնպես երբևէ կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանության համապատասխանությունը ցեղասպանության որակմանը: Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժի միջազգայնագրի /կոնվենցիայի/ [հետայսու՝