Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՃԺ. Համանախագահներն ընդամենը միջնորդ են կամ

Առանձին վերցրած մի տարածաշրջանում

ստալինիզմի հարության փորձ


Սեփական լիազորությունների՝ մանդատի, շրջանակում գործելը օրինապահության կարևորագույն հիմնասյուններից է: Սա անվերապահորեն վերաբերում է նաև միջազգային իրավունքի հիման վրա ստեղծված և միջազգային հարաբերություններում գործող կառույցներին:

Այսուհանդերձ, թվում է, որ այս պարզ ճշմարտությունը գնալով ավելի ու ավելի հաճախ է անտեսվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ասածիս ամենավերջին վկայությունը նշյալ խմբի 2011թ. մարտի 24-ի զեկույցի մեջ տեղ գտած «Լեռնային Ղարաբաղին հարակից Ադրբեջանի յոթը գրավյալ շրջաններ» (“the seven occupied territories of Azerbaijan surrounding Nagorno-Karabakh (NK)”) ձևակերպումն է: Ակնհայտ է, որ իր զեկույցի մեջ գործածելով նման ձևակերպում, վերոհիշյալ խումբը բացահայտորեն գերազանցել է իր լիազորությունները և ոտնահարել իր իսկ մանդատը:

Համանախագահների խմբին որևէ մեկը չի լիազորել որոշելու որևէ տարածքի կարգավիճակ կամ ճակատագիր: Ո՞վ է այդ խմբին իրավունք տվել Լեռնային Ղարաբաղը (տեքստում՝ Nagorno-Karabakh) նույնացնել նախկին ԽՍՀՄ նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքանավար Մարզին: Դա հակամարտության կողմերի որոշելիքն է: Համանախագահների լիազորությունը սահմանափակվում է միայն միջնորդությամբ, այն է՝ ուժի կիրառման բացառման հիման վրա բանակցային գործընթացին նպաստելով: Դա միանշանակորեն և հստակ ամրագրված է Մինսկի խմբի համանախագահների մանդատի մեջ. «քաջալերել հակամարտության առանց ուժի կիրառման լուծումը և ի մասնավորի նպաստել խաղաղ և համապարփակ կարգավորմանն ուղղված բանակցություններին» (“Promoting a resolution of the conflict without the use of force and in particular facilitating negotiations for a peaceful and comprehensive settlement.”) [Mandate of the Co-Chairmen of the Conference on Nagorno-Karabakh under the auspices of OSCE (“Minsk Group”, Vienna, 23 March 1995, DOC.525/95):

Հիշյալ մանդատի 15 կետերից և ոչ մեկով Համանախագահներին որոշելու կամ վճիռներ կայացնելու լիազորություն չի տրված: