Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

քառաստիճան), իսկ դաշնակցային պետությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ունի ընդամենը մեկ ինքնություն:

Անդրադառնանք հարցի 2-րդ մասին՝ Հայաստանի առաջին և ներկա հանրապետությունների իրավահարաբերություններին:

Ինչպես նշել էինք վերը, իրավահաջորդությունն իրավական գործողություն է միջազգային իրավունքի սուբյեկտների (ենթակաների) միջև, այն է՝ «իրավահաջորդությունը տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ միջազգային իրավունքի մի սուբյեկտ (ենթակա) ստանձնում է մյուսի իրավունքները» (A case of succession arises only when one subject of international law enters into the rights of another.)

Հաշվի առնելով, որ իրավահաջորդությունը պայմանավորված է տարածքի օրինական իրավատիրությամբ, [իսկ ներկայիս Հայաստանի Հանրապետությունը կայացել է այն որոշակի տարածքի (կամ դրա մի մասի) վրա, որի վրա վերջին պետականությունը (միջազգային իրավունքի վերջին սուբյեկտը) եղել է 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետությունը,] ապա ներկայիս ՀՀ-ն ինքնին իր գոյությամբ կարող էր ստանձնել և ստանձնել է իր տարածքի վրա իրեն նախորդած պետականության իրավունքները:

Այսինքն, անկախ այն հանգամանքից, թե ՀՀ-ն ինչ իրավական դիրքորոշում է որդեգրել կամ ինչ հայտարարություն է արել իրավահաջորդության հարցի առնչությամբ, տարածքը ժառանգելու պատճառով և հենց դրա հիման վրա, այն հանդիսանում է առաջին հանրապետության իրավահաջորդը:

Այս անվիճելի դրույթն ունի լրացուցիչ փաստարկներ ևս: Խնդրո առարկա իրավահաջորդությունն ամրագրված է նաև ՀՀ հիմնարար փաստաթղթերում: Հայոց ներկա պետականության հիմնարար փաստաթղթերը երկուսն են՝ Հայաստանի Անկախության մասին հռչակագիրը և ՀՀ Սահմանադրությունը: Թեև սրանք առանձին փաստաթղթեր են, այսուհանդերձ գտնվում են երկմիասնության մեջ: Ըստ այդմ, երբ ՀՀ Սահմանադրությունը որպես հիմք է ընդունել «Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները» (տե՛ս՝ ՀՀ Սահմանադրության նախաբանը), ապա դրանով իսկ Հռչակագրի մեջ ամրագրված դրույթներին տրվել է հիմնական օրենքի կարգավիճակ:

Հայաստանի Անկախության մասին հռչակագրի (23.08.90թ.) 5-րդ կետով, իսկ հղման միջոցով նաև ՀՀ Սահմադրությամբ, ամրագրված