Էջ:Hayrenatirutyun Armenian 2012.pdf/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խանության՝ սուլթան-խալիֆի, դեմ ապստամբությունը և Մուդրոսի զինադադարի (30 հոկտեմբերի, 1918թ.) ոտնահարումը: Քեմալը 1921թ. պարզապես փախուստի մեջ գտնվող հանցագործ էր: Այդ իսկ պատճառով դեռևս 1920թ. ապրիլի 11-ին կայսրության բարձրագույն կրոնավորի՝ շեյխ-ուլ-իսլամի, ֆեթվայով (կոնդակով) Քեմալը մահվան էր դատապարտվել: Նրա նկատմամբ նույն տարվա մայիսի 11-ին մահապատժի վճիռ էր կայացրել նաև թուրքական ռազմական դատարանը: Այս դատավճիռը 1920թ. մայիս 24-ին հաստատվել էր սուլթանի կողմից և մտել էր ուժի մեջ:

Ի լրումն սրա, Մոսկվայի պայմանագրի Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի ևս մի խախտում է, քանի որ պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար:

4. Հայ-թուրքական սահմանին վերաբերող հաջորդ պայմանագիրը Կարսի պայմանագիրն է՝ կնքված 1921թ. հոկտեմբերի 13-ին:

Միանշանակ է, որ Կարսի պայմանագիրն անօրինական է և անվավեր, քանի որ պայմանագիրը կնքած կողմերից և ոչ մեկը չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Ալեքսանդրապոլի և Մոսկվայի պայմանագրերին վերաբերող հատվածում քեմալականների մասին արդեն խոսվեց:

Անդրադառնանք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կարգավիճակին, որն էլ հանդիսացել է քեմալականների հետ պայմանագիրը կնքած կողմերից մեկը: Անվիճելի է, որ Սովետական Հայաստանը երբեք չի եղել միջազգային իրավունքի սուբյեկտ: Այն երբեք ճանաչված չի եղել միջազգային իրավունքի որևէ այլ սուբյեկտի կողմից, երբեք չի ունեցել այլ երկրների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողություն: Պարզ ասած՝ այն երբեք չի ունեցել դեսպանություններ և ՀՍՍՀ անունից երբևէ որևիցե դեսպան չի հավատարմագրվել: Իսկ «այլ պետությունների հետ հարաբերությունների մեջ մտնելու կարողությունը» (capacity to enter into relations with the other states) հանդիսանում է պետականության 4 չափորոշիչներից մեկը, որն ամրագրված է Մոնտեվիդեոյի պետությունների իրավունքների և պարտականությունների մասին 1933թ. (Convention on Rights and Duties of States, Montevideo, 1933) կոնվեն-