Էջ:Khatchatour Ketcharetsi, Taghs (Խաչատուր Կեչառեցի, Տաղեր).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դրա արտահայտություններից մեկն է նաև Խաչատուր Կեչառեցու Ալեքսանդրի պատմության մատուցման նոր տարբերակը: Բանաստեղծը նախադրության մեջ պարզաբանում է Ալեքսանդրի պատմությանն անդրադառնալու նպատակը, նշելով, որ այդ պատմությունը «յաւգուտ յաւրինակ ամենայն թագաւորաց և իշխանաց», որովհետև նա Ալեքսանդրի մեջ տեսնում է առաքինությունը, արդարադատությունը, խիզախությունը, գիտությունն ու լուսավորությունը հովանավորող պետական գործչի կատարելատիպ:

Բանաստեղծը փորձել է Ալեքսանդր Մակեդոնացու կերպարը հարմարեցնել միջնադարի քրիստոնեական ժամանակներին և այդ նպատակով բռնազբոս ձևով զուգահեռներ է անցկացրել Ալեքսանդրի և Քրիստոսի կյանքի ու գործունեության գլխավոր դեպքերի միջև: Ինչպես Մ. Աբեղյանն է բնորոշում, այդ համեմատությունների մեջ երևան է եկել միջնադարյան սխոլաստիկ մտածողությունը, սակայն միաժամանակ նաև նույն սխոլաստիկ մտածողությունն ունեցող վարդապետի ազատախոհությունը, Պլատոնի և ուրիշ հույն փիլիսոփաների գործերին քաջատեղյակ լինելը. «Այսպիսի ազատամտությունն, ուրեմն, լոկ անհատական չէր, այլ հատուկ էր եղել որոշ մտավորական խավի»[1]:

Ալեքսանդրի պատմության ուշագրավ մշակումով Խաչատուր Կեչառեցին յուրովի իրականացնում է մշակութային առաջընթացի այն կապը, որը ձգվում է հեթանոսական և քրիստոնեական ժամանակների միջև, վերստին հավաստելով այն ճշմարտությունը, թե մարդկային մտքի նվաճումները միշտ էլ հենվել են նախորդ ժամանակների ձեռքբերումների վրա: Ալեքսանդրի պատմության գրական այս մշակումը սկիզբ դարձավ հետագա

  1. Մ. Աբեղյան, Երկեր, Հ. Դ, Երևան, 1970, էջ 278: