նրան ամենայն հոժարությամբ անձնատուր եյին լինում Վերսայլի պալատի բյուրավոր ձրիակերները: Նոր խաչակրական մի արշավանք Թյուրքիան վոչնչացնելու և նրա փլատակների վրա հաղթական կաթոլիկությունը կանգնեցնելու համար— այս վաղեմի իղձը բոլոր յեվրոպական կաթոլիկ յերկրներից ավելի Ֆրանսիային եր գայիս, վոր զուր չեր սեփականել իրան «Հռոմի ավագ դուստր» և «ամենաքրիստոնյա» տիտղոսները։ Խաչակրության լուսապսակն եր պակասում Ֆրանսիայի յերիտասարդ թագավորին, վոր իր հաղթություններով արդեն իսկ մեծ ժողովրդականություն եր ստացել: Նրան՝ թագավորին ել արդեն սաստիկ վոգեվորում եր խաչակիր զինվոր լինելու ցնորքը: Յեվ նրան այդ ուղղությամբ խրախուսում ու վառում եյին ամեն կողմից: Մեծ հռչակ վայելող դրանիկ բանաստեղծ Բուալոն ասում եր նրան. „Je t'altends dans six mois aux bords I' Hellespont“[1]) («Յես վեց ամսում սպասում եմ քեզ Հելլեսպոնտեսի ափերին»):
Այս մտայնությունը միայն կաթոլիկներին չեր հատուկ: Թյուրքիան Ֆրանսիայի ձեռքով վոչնչացնելու գաղափարին ջերմ համակրություն եր ցույց տալիս ժամանակի հռչակավոր գիտնական Լայբնիցը, թեև ինքը բողոքական: Նա գրություններ եր ուղարկում Լուի 14-դին, վորոնց մեջ արծարծում եր այն միտքը, թե նախախնամությունը պահել ե Ֆրանսիան՝ Արևելքում քրիստոնյաների զենքերն առաջնորդելու համար: Այժմ, ասում եր նա, դրված ե ծովերի վրա տիրելու հարցը, վոր Արևելյան կայսրություն ստեղծելու հարցն ե և ոսմանյան պետությունը քանդելու հարցը: Յեգիպտոսի նվաճումը Ֆրանսիայի իրավունքն ե, և հեղինակավոր գիտնականը խորհուրդ եր տալիս սկսել հենց այդտեղից[2]):
Ավելորդ ե ասել, վոր Քոփրուլու Ահմեդ մեծ վեզիրը միայն իր անձնական նկատառումների վրա չեր խարսխում իր մերժողական քաղաքականությունը: Այդպես տրամադրում և դրդում եր նրան յեվրոպական դիվանագիտական մրցակցությունը, վորի ներկայացուցիչներն եյին Անգլիան և Հոլլանդիան վորոնք զգուշացնում եյին մանավանդ Յեգիպտոսի վերաբերմամբ, ասելով, թե՝ ֆրանսիացիների միտքն ե նվաճել այդ յերկիրը: Բայց ի վերջո հաղթանակը տանում եր ֆրանսիական դիվանագիտությունը: Թյուրք կառավարության վրա ազդեցություն գործում եր խաչակրական արշավանքի պատրաստվելու առիթով բարձրացրած