Հալեպում, ճանապարհորդել եր Սիրիայում, սովորել եր թյուրքերեն, հայերեն, արաբերեն և քրդերեն լեզուները։ Իր այդ գրքերի մեջ նա ապացուցում եր, թե դժվար չե Թյուրքիան նվաճելը, թե այդ գործին ձեռնարկելուց առաջ պետք ե յեվրոպական պետությունների միություն կազմել՝ փոխադարձ աջակցության սկզբունքով։ Ամեն մասնակցող պետություն պատշաճավոր բաժին կստանա ընդհանուր ոգուտներից[1]։ Հրատարակվեց և մի այլ գիրք՝ «Քրիստոնյա Թյուրքիան Լուի մեծի հովանավորության տակ, վոր Արևելքի քրիստոնեյության միակ հովանավորն ե» (La Turqie Chretjenne sous la protektion de Louise le grand protecteur unique du Christianisme en Orient)։ Միայն այս վերնագիրը բավական ե ցույց տալու համար, թե ինչի մասին եր խոսում այդ աշխատությունը։ Հեղինակը, Դըլաքրուան, վոր արևելյան լեզուների թարգման եր, վկայում եր, վոր Արևելքում տանջվող բոլոր քրիստոնյա ազգերն սպասում են միայն Ֆրանսիայի ոգնության՝ Թյուրքիայի լուծը թոթափելու համար և ավելացնում եր. «Վոչինչ չի լինի ավելի գեղեցիկ և ավելի ուրախալի, քան Յերուսաղեմի թագավորության վերահաստատումը»[2]։ Մի ուրիշ հեղինակ առաջարկում եր, առանց այլևայլության, բաժանել Թյուրքիան յեվրոպական պետությունների մեջ և տալիս եր նեղուցներն ու Կ. Պոլիսը Ֆրանսիային։
Բայց ի՞նչ պիտի լիներ արևելյան քրիստոնյա ժողովուրդների վիճակը։ Առաջին պայմանն, իհարկե, այն եր, վոր բոլոր հերձվածող յեկեղեցիները հայեր, հույներ, և այլն) պիտի վերջ դնեյին իրանց գոյության տեղի տալով կաթոլիկության, վոր պիտի թագավորեր ամեն տեղ, նույնիսկ Յեվրոպայում։ Միշել Ֆեբվրը չեր ընդունում անգամ, վոր այնուհետև գոյություն պահպանեն և այդ ազգերի լեզուները և պահանջում եր, վոր տեղի ունենա վոչ միայն յեկեղեցիների, այլև ծեսերի միություն, այսինքն՝ Արևելքի կատարյալ լատինացում[3]։
Լուի 14-րդը վոչ միայն լսում եր առաջարկությունները, կարդում եր գրքերը, այլև գործնական աշխատանք ել եր սկսել: Արևելքում շրջում և գործում եյին նրա բազմաթիվ գաղտնի գործակալները, վորոնց տրված եյին զանազան հրահանգներ, վոմանց առևտրական և վոմանց ել քաղաքական բովանդակությամբ։