Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այս ընդհանուր ստվերային գծագրությունը ներկայացնում ե Ղարարաղն իբրև մի հսկայական լեռնաբերդ, ճակատը դարձրած դեպի Կուր-Արաքսյան և Մերձ Կասպիական անհուն տափարակները։ Այս վիթխարի բնական պատվարին կարծես թե դեր վիճակված լիներ ճակատ խփել այն մարդկային հեղեղներին, վորոնք այդ տափարակների կողմից արշավում եյին դեպի Հայկական բարձրավանդակի ներսերը, դեպի այն մեծ ճանապարհները, վորոնք Արևմուտքի մեծ ծովափնյա յերկիրներն են տանում։ Բայց մի այդպիսի դեր անփոփոխ կատարել տալու համար, բնությունը զլացել եր տալու իր այդ ահեղ բերդին միանգամայն փակված ամրության անմատչելիություն։ Լեռնաստանի բոլոր ջրերն ունեն հոսանք արևմուտքից արևելք, սարից դեպի դաշտ։ Իսկ սրանք ճանապարհներ են դաշտից սար և սարից դաշտ։

Այս ջրային յերակները մեծագույն մասամբ հորդ լեռնային գետեր, իսկական կենդանություն են դաշտին ել, սարին ել: Դաշտային Ղարաբաղը մի մեռած անապատ կլիներ, յեթե Լեռնայինը չուղարկեր նրան գետեր, վորոնք բառիս բուն նշանակությամբ կաթիլ առ կաթիլ հափշտակվում են դաշտի բազմահարուստ և բերրի հողերը վոռոգելու համար։ Իրենց հերթին ինչ կլինեյին քաղցած և մերկ սարեցիները իրենց վեհատեսիլ, բայց ժլատ ու դժվար կերակրող բնության մեջ, յեթե դաշտը գնացող ջրերի ճանապարհները չլինեյին միաժամանակ և բեռների ու տնտեսական տեղափոխությունների ճանապարհներ։

Իրար տալ, իրարից առնել—այս սերտ փոխհարաբերությունն ե գրել ինքը՝ բնությունը լեռան և դաշտի մեջ, և մարդկային կյանքը հպատակվել ե այս յերկաթե որենքին, սկսած այն անհիշելի դարերից, յերբ կազմակերպվել սկսեց մարդկային հանրակեցությունը տնտեսական կռվանների վրա։ Լեռնային Ղարաբաղը, ինչպես և ամեն մի լեռնաստան, չափազանց հարուստ ե դժնդակ վայրենի պայմաններով, վորոնոք միանգամայն անընկճելի յեն մարդու համար, մանավանդ յերբ սա գտնվում ե տգետ ու անկար նախնականության գրկում և չափազանց ել աղքատ և այնպիսի հնարավորություններով, վորոնք կարող են թույլ տալ նույն այդ մարդուն ապրել իր ձեռքի աշխատանքով, քանի վոր ֆիզիկական գոյություն պահպանելու միակ միջոցը լեռներում հաստատված նստակեցության համար ել հողագործությունն եր։ Իսկ այն հողը, վոր տալիս եր լեռը՝ գործելու համար, բաղկացած ե մեծագույն մասամբ ցուրտ սարահարթերից ընդհանրապես աղքատիկ բերքատվությամբ: Կան, իհարկե, և ավելի յերջանիկ