Էջ:Khoja Capital.djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քրդերին կատարվում եր և խնամիացման միջոցով։ Այսպես, Շիրակի Բագրատունիների անկումից հետո, ամբողջ այդ ճորտատիրական գավառն անցնում եր քուրդ Շեդդադյան տոհմին, վորի անդամներից մեկն ամուսնացած եր Բագրատունյաց տոհմի տեղային ճյուղին պատկանող մի աղջկա հետ: Բայց գլխավոր փաստն, իհարկե, այն եր, վոր քուրդ ցեղապետները, հենված զենքի ույժի վրա, բռնում եյին հայ նախարարների տեղերը, վորոնք, սկսած 11-րդ դարից, կամ մասսայորեն հեռանում եյին յերկրից կամ վոչնչանում։

Այսպիսով քուրդ ազնվականությունը դառնում եր տեր հայ ճորտ գյուղացիության, շահագործելով նրան հայ նախարարական յեղանակով, վոր, անշուշտ, խորթ չեր նրան իբրև շահակից և հարազատ դասի։

Արդ՝ ուսումնասիրելով քուրդ ճորտատիրության այն փաստերը, վորոնք դեռ մնացել եյին 19-րդ դարում, մենք կարող կլինենք վերականգնել հայ նախարարական ճորտատիրության ընդհանուր պատկերը:[1]): Յեվ մենք այստեղ ել տեսնում ենք սենյորական պարտավորությունների մեծ բազմազանություն, վոր փոփոխություններ ցուցադրում ե ըստ տեղերի տնտեսական հանգամանքների։ Որինակ՝ Շատախի (Վանի շրջան) լեռնային մի գյուղ պարտավոր եր տալ իր քուրդ տիրոջը 40 հազար ընկույզ տարեկան, մենչդեռ այդպիսի տուրք մի ուրիշ տեղ չկար։ Պատճառն այն եր, վոր թեև ընկույզներ ամեն տեղ կային, բայց այդ գյուղի ընկույզները հռչակ ունեյին իրենց գերազանց հատկություևներով։

Չկար գյուղական տնտեսության և վոչ մի ճյուղ, ուր ճորտատերը չունենար իր առյուծի բաժինը։ Մինչև անգամ գյուղացու շինած գդալ, շերեփ, ցախավել մտնում եյին որինականացրած տարեկան տուրքերի ցանկի մեջ։ Ւսկ մարդը - մարդը վաճառվում եր, քշվում եր պատերազմի, ընծայվում եր իբրև հարսի ոժիտ։ Մարդը պարտավոր եր տոներին և վորոշ դեպքերում (ծնունդ, հարսանիք, մահ) ընծաներ տանել իր տիրոջ։ Մարդն իրավունք չուներ ամուսնություններ կատարել, աղջիկ տալ, հարսն առնել՝ առանց իր համաձայնության։ Իսկ անձնական ծառայություններ տիրոջ տանը և դաշտում կատարում եր ճորտը վոչ միայն անհատականորեն, այլ և իր ընտանիքի հետ միասին:

  1. Այս ուսումնասիրությունը յես տվել եմ իմ անտիպ աշխատության մեջ, վորի վերնագիրն ե «XIX դար.-հայ հասարակական շերտավորումներ և շարժումներ»