Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/220

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեսնում ենք հուլիսի յերկրորդ կեսում բանակցությունները շատ աշխուժացած: Որին սաստիկ աշխատում եր, վոր այդ բոլորը կատարվի գաղտնի, վորովհետև յեթե մահմեդականներն իմանան, թե ինչ ե կատարվում, հայ ժողովրդի դրությունը վտանգված կլիներ։ Հակասություններից հյուսված դիվանագիտության սպասավորը յերևի չեր ել նկատում, թե ինչ հակասություն կար իր վախի և այն արհամարհոտ վերաբերմունքի մեջ, վոր նա ցուցադրում եր դեպի նույն այն «անհավատների» ուժն իր ծրագիրների մեջ։ Ծայրահեղ զգուշությունը հարկադրում եր նրան չհավատալ նույն իսկ իր թարգման Որեխովիչին, նկատի առնելով նրա յերիտասարդ հասակը։ Ուստի կառավարությունը թարգմանի պաշտոնը հանձնեց իր ծառայության մեջ գտնվող հույն Նիկոլայ Սպաթարիոսին, վորի հետ Որին խոսում եր թուրքերեն լեզվով։ Այն մարդուն, վոր զբաղվում եր գրական աշխատություններով, վիճակվում եր Որիի գործի մեջ գրեթե նույնքան նշանավոր դեր, ինչ նա կատարում եր հունաց պատրիարքների և ռուսաց կառավարության գաղտնի հարաբերությունների մեջ[1]

Մի շարք նիստեր տեղի ունեցան Որիի, Սպաթարիոսի և մի ռուս պաշտոնյայի մասնակցությամբ։ Այդ նիստերի արձանագրությունները ցույց են տալիս, վոր ռուսաց կառավարությունը աշխատում եր վորքան կարելի յե շատ մանրամասն և բազմակողմանի տեղեկություններ ստանալ հայկական շարժման մասին, մանավանդ կամենում եր պարզել, թե ի՞նչ դեր են կատարում այդ շարժման մեջ Արևմտյան Յեվրոպայի իշխողները։ Հասկանալի յե այն կասկածամտությունը, վոր հարկադրում եր ցարական կառավարությանը՝ մանրակրկիտ հարցուփորձերի մեջ մտնել։ Որիից պահանջվում եր բավականաչափ դիվանագիտական նրբամտություն, վորպեսզի այդ կասկածամտությունը չթելադրեր այնպիսի միտք, վոր իբր թե հայոց հարցը սարքված ե Յեվրոպայի մեջ ռուսական շահերը վնասի յենթարկելու համար: Այդ պատճառով ել Որին աշխատում եր համոզել, թե հայերն իրանց հույսը դրել են միայն Ռուսաստանի վրա, վոր արևմտյան քրիստոնյա վեհապետների կողմից լոկ համակրության ցույցեր են յեղել մինչև այժմ, իսկ գործից սպասվող բոլոր քաղաքական ոգուտները միայն Ռուսաստանը պիտի վայելե։ Նրան հարկադրեցին անել շարժման ամբողջ պատմությունը, սկսած Հակոբ կաթողիկոսի ժողովից։ Խոսք յեղավ, թե ինչու հայ մելիքները և մասնավորապես Որին

  1. Ю Арсеньев - «Новые данный о службе Николая Спафарии в России». М. 1900: