Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետևեցին նրան մինչև Շամախի ավելացնելով այսպիսով նրա շուքը։ Այսքան հաջողությունները գլուխ պտտեցնող եյին ամեն մի փառասերի համար, ուր մնաց Որին, վոր առանց այդ ել լի յեր բանդագուշանքներով և ձեռք եր բերել այս ամբողջ փայլն ու համարումը ամենահեշտ միջոցով, այն ե` մի քանի թղթեր կեղծելու միջոցով։ Յեվ հասկանալի յե, վոր այսպիսի մի մարդ գրգռիչ հանգամանքներ շատ հաղորդեր իր հաղթական գնացքին դեպի այն յերկիրը, վորի ազատարարը պիտի հանդիսանար ինքը, գուցե նույն իսկ և թագավորը։ Յեվ իրավ, դեսպանությունը աղմուկ եր հանում Արևելքում սկսած Աստրախանից։ Այդ աղմուկն եր, վոր ստիպեց նրան յերկար ժամանակով կանգ առնել Շամախիում։

Սահմանագլխի այս չափազանց կարևոր և հռչակված քաղաքում ահագին տպավորություն թողեց Որիի դեսպանությունն առաջ ու առաջ իր բազմամարդությամբ, վորի նմանը, գոնե այդտեղ, դեռ չեր տեսնված։ Դրա չափ, գուցե և ավելի ազդու և անսովոր եր այն հանգամանքը, վոր դեսպանության գլուխը մի հայ եր, այն ել պարսկաստանցի հայ։ Յեվ այս հայը ռուսաց հռչակված թագավորի դեսպանն եր։ Տեսակ տեսակ կասկածոտ շշուկներ տարածվեցին Շամախում, վորոնք զանազան բացատրություններ եյին առաջացնում։ Մահմեդականներն ուզում եյին հասկանալ, թե ինչ իսկական նպատակ ունի այդ արտասովոր դեսպանությունը. նրանց համար խորհրդավոր նշանակություն եր ստանում մանավանդ այն, վոր ռուսաց թագավորի ներկայացուցիչը հասարակ հայ ել չեր, այլ հին հայ իշխանների տոհմից եր սերված։ Սպահանի կաթոլիկ միսիոնարներից մեկը, յեզվիտ Կրուսինսկին, միակ ոտար հեղինակն ե, վոր մանրամասն և հետաքրքրական տեղեկություններ ե հաղորդում Որիի դեսպանության մասին։ Նա հավատացնում ե, թե Որին Շամախում արտասանել եր մի ճառ, վորի մեջ ասել եր, թե ինքը հայոց թագավորի սերունդ ե[1]։ Այս խոսքերին առանձնապես խորհրդավորություն եյին տալիս մանավանդ Որիի հետ Շամախի գնացած ռուս նավաստիները։

Այս բոլոր արտասովոր հանգամանքները հարկադրեցին Շամախու խանին պահել դեսպանությունն այն քաղաքում մինչև Սպահանից թույլտվություն ստանալը։ Իսկ Սպահանում, ինչպես վկայում ե նույն ականատես յեզվիտը, Որիի դեսպանության

  1. «Histoire de la derniere Revolution de Perse» t. I, La Haye, 1728 p. 215