Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/324

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դեռ մի տարի ել չեր անցել Պետերբուրգում Իզմայիլ-բեկի հետ կնքված դաշնագրից, վորով Պետրոսը պարտավորվել եր պաշտպանել Պարսկաստանի ամբողջությունը Շահ-Թահմազի իշխանության տակ, և ահա այժմ վաճառում եր նա իր այդ պաշտպանյալին ամենաստոր կերպով, առանց նրա գիտության, Թյուրքիային, Ռուսաստանի հինավուրց վոխերիմ թշնամուն, կնքելով վերջինիս հետ նույն իսկ հարձակողական դաշնակցություն Պարսկաստանի դեմ: Իմպերիալիստական սրիկայության այս բարձր տեսակի քաջագործության դիմաց համեմատաբար անմեղ բաներ եյին այն յերկու սրիկայությունները, վոր Ռուոաստանի «մեծ» կայսրը գործադրում եր Վրաստանի և Հայաստանի վերաբերմամբ։ Յերկուսին ել ամենայն հանդիսավորությամբ խոստացել եր ազատություն ի սեր քրիստոնեյության, յերկուսն ել այժմ, հունիսի 12-ի դաշնագրությամբ, մտնում եյին այն հողերի մեջ, վորոնք պիտի պատկանեյին Թյուրքիային։ Վախթանգը, տեղյակ լինելով այս դիվանագիտական վաճառքին, այլ ևս անհույս կորած համարելով Վրաստանի ազատագրության գործը, թույլտվություն խնդրեց Պետրոսից բնակություն հաստատելու Ռուսաստանում, և ստանալով այդ թույլտվությունը, 1400 մարդկանց հետ գաղթեց Աստրախան:

Ուրիշ եր հայերի բանը։ Յեթե Հայաստանը հարկավոր չեր Պետրոսին, հայերն անպատճառ հարկավոր եյին նրան։ Մենք արդեն մասամբ մտցրել ենք ընթերցողին նրա իսկական դիտավորության մեջ։ Հունիսի 12-ի դաշնագրությունը նրան լավագույն միջոցն եր տալիս «ազատելու» հայերին, բայց վոչ թե Ղարաբաղի լեռներում, վորոնք արդեն ոսմանցիներին եյին պատկանում, այլ Գիլանի և Մազանդարանի վատառողջ, ճահճոտ դաշտերում։ Հունիսի 12– ի դաշնագրությունը, Պետրոսի ըմբռնողությամբ, հեշտացնում եր, իբրև անխուսափելի յելք հայերի համար, ամբողջ Ղարաբաղի գաղթեցումը Պարսկաստանից նոր խլած յերկիրները։

Յեվ նա շտապեց իրագործել այդ գաղթեցումը։ Ոգոստոս ամսին բրիգադիր Ռումյանցեվը տանում եր ստորագրությամբ վավերացրած ռուս—․թյուրքական դաշնագիրը Կ.Պոլիս։ Նրան հանձնարարվում եր համոզել հայերին, վոր սրանք գաղթեն կասպիական յերկիրները։ Պետրոսը խոստանում եր, վոր յեթե գաղթողների թիվը մեծ լինի, նրանց կտրվեն նաև այն հողերը, վորոնց վրա ապրում են պարսիկներ, հեռացնելով վերջիններիս ուրիշ տեղեր[1])։ Բայց

  1. Бутков,с.67