համոզման միջոցով անկարելի յեր գաղթականության պես մի աղետալի ժողովրդական շարժում գլուխ բերել։ Պետք եր հարկադրական միջոցներ վորոնել, և Պետրոսը, գործելով այս ուղղությամբ, չեր կանգ առնում նույնիսկ կեղծարարի սրիկայության առաջ։
Վերևում մենք տեսանք, վոր Յեսայի կաթողիկոսը դեռ 1723 թվի յերկրորդ կեսում, բավական չհամարելով թղթով դիմումներ անելը ռուսաց կառավարության, հայ զինվորության կողմից յերեք հոքուց բաղկացած մի պատվիրականություն ել ուղարկեց Պետերբուրգ, վորպեսզի բերանացի կրկնե ոգնական զորք ուղարկելու խնդիրքը։ Այս պատգամավորությունը, վոր բաղկացած եր յերկու քահանայից—շամախեցի տեր Անտոն Առւսքելյանից և Ղաբալայեցի տեր Պետրոսից և մի հատ ել աշխարհականից, վորի իսկական անունը հայտնի չե և կրում եր Քեվխա-Չալաբի մականունը, յերկար ժամանակ, ամիսներով, Աստրախանում սպասում եր թույլտվության՝ Պետերբուրգ գնալու համար։ 1724-ի հունիս 4-ին Անտոն քահանան գրում եր Մոսկվա Մինաս վարդապետին․ «խեղճ եմք, մեզի ուզել տուր, յա ռուսախաթ տան գնամք: Աստուծու սիրուն, այն խալխն մեզ են մտիկ տալիս․ մեզ ուզել տուր շատ առանձնակի բաներ կա․ այլ ինչ ասեմ, մեք խեղճ եմք, հալբաթ և հալբաթ մեզ մեկ ճար անես քո անվան խաթեր մեզ մի ճար անես»[1]»: Այսքան արդեն անկարևոր եր համարվում Աստրախանում ընկած այդ հայկական պատվիրակությունը։ Բայց աշնան, անշուշտ ռուս-թուրքական դաշնագրության հետևանքով, ուշադրության ե առնվում նա և հրավիրվում ե Պետերբուրգ։ Նոյեմբերի 5-ին պատվիրակները հարց ու փորձի յեն յենթարկվում արտաքին գործերի մինիստրության մեջ, և Անտոն քահանան անում ե մի քանի հայտարարություններ, վորոնք սաստիկ պիտի գրգռեյին Պետրոսի իմպերիալիստական-վաճառականական ախորժակը։ Իսկական Ղարաբաղում, ասում եր սա, ազգաբնակության թիվն ե հարյու հազար տուն, իսկ Ղափանը, վոր միացած ե Ղարաբաղի հետ, ավելի մեծ հայ ազգաբնակություն ունի։ Ղափանի հայերը մեծագույն մասամբ վաճառականներ են, իսկ Ղարաբաղի հայերը լավ գիտեն շերամապահություն։
Այս քահանային արդեն կաշառել եր ռուսաց արքունիքը, վորի թելադրությամբ ել մտցնում եր իր հայտարարությունների մեջ հետևյալ կետերը․
- ↑ 3зов, с. 369.