Էջ:Khoja Capital.djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առիթ չեր ունենա այնքան անմխիթար շինելու դինաստիական յեսամոլության տեսակետից։ Ճիշտ ե, Գրիգորի սերունդն անհետանում եր Հայաստանի իշխանապետական իրականությունից, բայց դրա փոխարեն թողնում եր մի նոր Հայաստան, վորի հոգին եր նրա կազմակերպած և գործի կանգնեցրած յեկեղեցականությունը։ Սահակի մեռնելու ժամանակ վոչնչացած եր Արշակունիների ստվերային միապետությունը, բայց նրա տեղ հաստատված եր հոգևորականների միապետությունը, վոր շատ լավ կարողացավ կենսական խոր արմատներ գցել Հայաստանի ավատական բազմագլխության մեջ և դառնալ նրա մի չափազանց կարևոր մասը, պահելով իր գերիշխանությունը բոլոր ավատական տերերի վրա հենց նրանով, վոր թեև ինքն ել ուներ ավատական կազմակերպություն, բայց անվթար և ուժեղ պահեց ծայրագույն կենտրոնացնող իշխանությունը հանձին քահանայապետական գլխավորության: Յեկեղեցու մեծ ույժը աշխարհիկ ավատական իշխողների հետ յեզրայրանալն եր։ Ինքը, Սահակն այս գործի մեջ ահագին դեր եր կատարում, հիմնադիր հանդիսանալով հայերեն գրականության, վոր հմայք ու հեղինակություն եր ստեղծում յեկեղեցու համար, բայց վոր իր մի խոշոր մասով գերազանցորեն ավատական եր։

Այս մի վերջնական և անդիմադրելի նվաճում եր, վոր կատարում եր հայ յեկեղեցականությունը հայ ժողովրդի գլխին նստելու և նրա ամբողջ ճակատագիրն իր ձեռքի մեջ առնելու համար։ Յեվ այսպես եր, վոր հայ Ժողովուրդը, մի հարազատ բեկոր արևելյան Միջնադարի, վերածվում եր մի կրոնական համայնքի, վորի առանձնահատուկ, ընդմիշտ դրոշմված և անջնջելի անունն եր, Գրիգորից ստացած, լուսավորչականություն։ Այս միայն անուն չեր, այս սպառիչ բովանդակություն եր, վոր փաթաթում, ծրարում եր այդ կրոնական համայնքը նեղ ու թանձր, սահմանափակող ու կղզիացնող ավանդավորության մեջ։ Քաղաքական կյանքի համար թույլ, անպտուղ և ապիկար, այդ համայնքն ապշեցնող համառությամբ ե տոկունությամբ լուսավորչական եր իր հոգևորականության հրամանով։ Չկար զոհվելու և վոչ մի յեղանակ, վոչ մի չափ ու աստիճան, վոր հայ կղերը չպահանջեր հայ ժողովրդից` լուսավորչականությունը պահպանելու համար։ Յեթե այդ ժողովրդի պատմությունը հյուսված ե աղետներից, ամենամեծ աղետն այն եր, վոր նա պարտավոր եր լինել լուսավորչական, չեր կարող լուսավորչական չլինել։ Այս եր հիմքն այն քաղաքականության, վոր հայ կղերը ժառանգել եր Լուսավորչ տոհմից` գործադրելու համար