Էջ:Khoja Capital.djvu/353

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


տանելի եյին, համեմատաբար, յեթե կարելի յե ասել, մարդավարի կերպով բացատրելի և միանգամայն հեռու այն խայտառակություններից, վոր սանձարձակ բարոյալքումը հրապարակ նետեց Հարավային Ղարաբաղում։

Վորքան և սակավապետ լինի լեռնցին, վորքան և շատ լինի բնական կորովը նրա յերակների մեջ, բայց և այնպես, յերկարատև պատերազմական դրությունը մեծ քայքայում եր մտցրել յերկրի առանց այդ ել աղքատ տնտեսության մեջ: Այս հողի վրա ել, բնականաբար, պիտի ծագեյին դժվարություններ, գանգատներ, կարգապահության հիմքերը փորփորող տրամադրություններ: Գրգռում և հուսահատեցնում եր մանավանդ ռուսների խաբեբայական քաղաքականությունը։ Հայ զինվորը շարունակ լսում եր խոստումներ թե ահա գալիս են բարերարները, բերելով ազատություն. բայց որերը, ամիսները, տարիներն անգամ անցնում եյին իրար յետևից, և այդ ակնկալությունը չեր իրագործվում։ Ուժեղ դժգոհություն և հուսաբեկություն առաջացնում եր մասնավորապես Պետրոս Մեծի հղացած ընդհանուր տեղահանության պահանջը: Այս ուժեղ դրդապաաճառներն ահա քայքայման տարրեր են մտցնում հայ զինվորության մեջ: Սղնախներն սկսում են կամաց-կամաց սակավամարդանալ: Դժգոհների մի մասը բոլորովին հեռանում ե զինվորությունից, վերադառնում ե իր խաղաղ պարապմունքներին, իսկ մի մասը, համարելով վոր անհաջողության պատճառն առաջնորդներն են, պարտք են համարում կռիվ վարել դրանց դեմ կամ հեռանալով ուրիշ ամրացած վայրեր և ինքնագլուխ գործ սկսելով կամ թե հենց Սղնախներում և այդտեղ կատարելով իրանց քայքայիչ գործը: Ուրիշ խոսքերով, սկիզբ եյին առնում ազգամիջյան անհամաձայնությունները: Յեվ նրանք ուղղված եյին գլխավորապես Յեսայի կաթողիկոսի դեմ: Նա եր սպարապետը, գերագույն հրամանատարը, նա եր խոսում ռուսների հետ և նա եր, վոր շարունակ հավատացնում եր, թե ռուսները պիտի գան։ Իր այս պաշտոնին Հասան-Ջալալյան կրոնապետը վերաբերվել եր մի անդրդվելի շիտակությամբ և հավատարմությամբ, վորին բոլորովին չեր համապատասխանում ռուսական խարդախ քաղաքականությունը։

Նշանավոր ե այն հանգամանքը, վոր ոսմանցիները, չկարողանալով կոտրել Սղնախների համադիմադրությունը, փորձեր արին հաշտություն խոսել նրանց հետ, նույնիսկ կաշառքներ եյին առաջարկում Յեսայի կաթողիկոսին, յեթե նա կհամաձայնի իրանց կողմն անցնել: Գուցե հայերը կարողանային ոգուտ քաղել իրանց