Jump to content

Էջ:Khoja Capital.djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Յեվ այս բոլորն անում եր առևտրական շահի ակնկալությունը: Վոչինչ չկար այլևս, վոր դժվարություն և դժգոհություն պատճառեր հայ վաճառականներին: Նրա առաջ վարկի հարց ել չկար։ Շահ–Աբբասը կանչում եր նրան, փող եր տալիս տոկոսներով, պայման եր կապում մետաքս գնելու, և Յեվրոպա արտահանելու, մասին կամ հենց տալիս եր պատրաստ ապրանք[1]: Հայ խոջայի համար շատ շահավետ եր և՛ թանկագին քարերի առևտուրը, վորը կոչվում եր նաև ակնավաճառություն կամ գոհարավաճառություն։ Այնքան ընդհանրացած և մեծ նշանակություն ստացած մի պարապմունք եր այս ակնավաճառությունը, վոր նույնիսկ մի փոքրիկ գրականություն ե կազմվել ակների և նրանց հատկությունների մասին, առաջին վաճառականական գրականությունը մեզանում[2]։

Ամեն ինչ, ուրեմն, կար, մնում եր անել ու շահվել։ Առևտրի ծավալը, շահի չափը կախված եր հայ խոջաների ճարպիկությունից, մանավանդ չարքաշությունից, տոկուն ու համառ աշխատանքից: Ապրանքային շրջանառությունը պահանջում եր ահագին տարածություններ վոտի տակ տալ, չվախենալով խոչնդոտներից, թշնամիներից, մահից անգամ այդ անճանապարհ ժամանակներում։ Պետք եր, վերջապես լավ ծանոթ լինել միջազգային առևտրի տեղերին, պայմաններին, պահանջներին ու առաջարկություններին։

Ինչպես եր այդ բոլորի մեջ գլուխ հանում հայ խոջան։ Այս հարցին պատասխանելու համար մենք ունենք մի հետաքրքրական վավերագրեր, վորոնց հետ կծանոթացնենք այստեղ:

Առաջին և անզուգական աղբյուրն ե մի հայ խոջա Զաքարիա անունով, վոր ապրում եր 17– րդ դարում և վոր թեև Ջուղայեցի չե, այլ զոկ, բայց իր թողած վերին աստիճանի հետաքրքրական որագրով պատկերացրել ե իր ժամանակի հայ վաճառականին և վաճառականությունը մի աննման պարզությամբ: Մենք մի քանի հատվածներ կբերենք այդ որագրից[3], լուսաբանելու համար մեր դրած հարցը։

  1. К.Патканов, Дневник осады Испагани Афганцами, веденный Петросом ди Саргис Гиланем, СПБ 1876, С. XVI.
  2. Այս գրականությունն ամփոփված ե Առաքել Դավրիժեցու պատմության վերջում և բաղկացած ե մի քանի հատվածներից, վորոնց ռուսերեն թարգմանությունը հետաքրքրական ծանոթությունների հետ տվել ե պրոֆ. Ք. Պատկանյանը (տ. նրա «Драгоценные камни, их название и свойства по понятиям армян в xvll веке» СПБ. 1873).
  3. Այս թանկագին հիշատակարանը հրատարակել եր գյուղատնտես Ալեքսանդր Քալանթարը, բայց բոլոր տպագրած թերթերը կորել են տպարանում<