Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

***

Թե ինչ արին Խուրշուդ բեգին իր արարքի համար, ինչ պատիժ տվին նրան, դա ամենևին չէր հետաքրքրամ Կիկոսին։ Նրա ցավն իրեն հերիք էր։ Գլուխը թակել էր տվել, էնքան տարվա պահած գլուխը։

Կիկոսը ոչ ոքի հետ չէր խոսում այդ մասին, թեև ողջ գյուղը գիտեր։ Նա կնկանից խռովել էր, գիշերներն էլ տանը չէր քնում։ Քանի ամառն էր, Կիկոսը քնում էր գոմի կտերը, իսկ երբ ձմեռնացավ, նա բարվոք համարեց մտնել գոմը և իր իշի կողքին թեք ընկնել։ Շարունակ հոգոց էր քաշում, երբեմն դիմելով իր միակ զրուցընկեր իշին.

— Է՛հ, էշ ջան, էս աշխարհումս էլ իմ ապրիլը հարամ ա. մարդամիջից ընկա, գլուխս թակել տվի... Բա մարդ էլ էսքան տարի գլուխը պահի, հազար ու մի փորձանքից ազատի, բերի հասցնի էն օրին, որ էլ մարդ չեն թակում ու հենց էդ վախտը թակել տա՞... Բա սա օրե՞նք ա... Թակողն էլ ո՛վ ըլի, ով, իրան կնի՞կը... Հե՜յ գիտի հա՛, Կիկոս, խանչալիդ քարը վեր ընկավ, աստղդ ծովն ընկավ...

... Ու ապրում է Կիկոսը իր միակ ցավը սրտում։ Ապրում է առաջվա պես իր էշից անբաժան ու երկար մտածելուց, ախ ու վախ քաշելուց, երբեմն մխիթարում է իրեն, ասելով՝

— Բալքի լավն էս ա՞...