Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանցից փոքրերն էլ, երեք հոգի, սև ծաղիկ ընկան, մեռան, կինն էլ՝ էս ցավերից հալվելով ու մաշվելով՝ մոմի պես բարակեց ու Անտոնին մենակ թողեց էս աշխարհի երեսին։ Մեծ արսն էլ, որ մի սիրուն ու փափլիկ տղա էր բերել, վերցրեց ու հորանց տուն գնաց, ուրիշ գյուղ, էնտեղ էլ ամուսնացավ իրենց գյուղացի՝ Բալախանում աշխատող մի տարտալշչիկ բանվորի հետ ու մարդու հետ գնաց Բալախանի:

Անտոնը պարտքի մեջ խրվել էր։ Համփա Սոլոմոնը, որ նրան «բարեկամաբար» փող էր պարտք տվել, վաղուց էր աչքը տնկել Անտոնի տան տեղի վրա, որ ինչպես ասում են՝ գյուղի աչքն էր, և օգտվելով Անտոնի ձախորդություններից, զավթեց նրա տունը, որը հիմնահատակ արավ ու տեղը մի երկհարկանի կրապատ տուն շինեց։

Անտոնը սրտամորմոք մի բան ասաց միայն համփա Սոլոմոնին.

— Էդ արարքդ քե՛զ էլ չի մնալ, Սոլոմոն, որ ես աչքս բաց, ոտիս վրա սաղ, դու իմ տունը քանդեցիր։

Բայց ի՞նչ կարող էր անել, ա՜խ քաշեց Անտոնը, թուքը կուլ տվեց ու վշտի շղթան փորում կուտակելով, ոնց որ ասում են, հոգին չանգռելով քաշվեց իր պապական ջաղացը, որտեղ մինչև հիմի էլ ջաղացպանություն է անում։ Տարբերությունն այն է միայն, որ համփա Սոլոմոնը հազար ու մի սուտ-ղորթով՝ «հին պարտքի տեղ» Անտոնի ջաղացն էլ խլեց և... «ողորմածաբար», ինչպես ինքն էր ասում, թողեց, որ Անտոնն իր իսկ սեփական ջաղացում մնա որպես Սոլոմոնի ջաղացպան։

— Անտուն մարդ ես, ապրի իմ շվաքի տակ,— ասաց «ողորմած» համփա Սոլոմոնը։

Անտոնն իր վշտի շղթային էս մի ծանր օղակն էլ միացրեց ու սուս կացավ։

Էն էր ու էն, Անտոնն էլ ոչ գյուղն էր մտնում, ոչ էլ մեկի հետ էդ անցքերի մասին զրից անում։ Թեև մի անգամ նա տերտերին խիստ անպատիվ էր արել ջաղացում, հայհոյելով նրա ավետարանն էլ, աստվածն էլ։ Ներկա եղողները պատմում են, թե տերտերը նրան ասել է.

— Եղբայր Անտոն, ամբողջ 5—6 տարի է ո՛չ գյուղ ես եկել, ո՛չ եկեղեցի ես մտել, ո՛չ էլ մեռելներիդ գերեզմանն ես օրհնել տվել, հոգիդ ինչո՞ւ ես սատանաների բաժին դարձնում...

116