Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես օրհնել տվել, հոգիդ ինչո՞ւ ես սատանաների բաժին դարձնում․․․

Անտոնն էլ անպատիվ բան չէր թողել, որ տերտերի գլխին չթափի, բայց ամենից շատ ու ամենամեծ վիրավորանքն այն էր, որ Անտոնը մի քանի մարդկանց մեջ ուղղակի տերտերի ճակատին ասել էր.

— Քու աստոծն ու քրիստոսն էլ էն համփա Սոլոմոնի փողի գերին, դու էլ նրա գյադեն ես։ Թե էդ քու քրիստոս ու աստոծ ասածդ մեզպեսների պաշտպանն են, խի՞ համփա Սոլոմոնի պալատն իրան գլխին փուլ չեն ածում, ոնց որ նա իմ տունը քանդեց։ Թե դու լավ մարդ ես, խի՞ էն վախտը ձեն չէիր հանում, որ Սոլոմոնը տունս հիմնահատակ էր անում... Դու չէիր, որ խաչ ու խաչվառը ձեռիդ օրհնում էիր Սոլոմոնի տան հիմքը, որն ինձանից զավթած տան տեղը զուռնա-դհոլով պատում էր... Գնա՛ գնա՛ նրա մեռելներին օրհնի, քեզ փող կբաշխի, ես ի՞նչ ունեմ... Թե՞ եկել ես ունեցած-չունեցած էս քուրքս էլ քեզ տամ, որ մրսեմ, շանսատակ ըլեմ, բալքի հոգին արքայության գնա, սատաների բաժին չդառնա... Հոգի ունե՞մ, որ սատանի բաժին դառնա, կամ հրեշտակի՞... Հոգիս հրեն համփա Սոլոմոնի ձեռին, գնա նրանից ուզի...

«Խելքը երևի թռցրել է», ասացին գյուղի մեծամեծները և չթողին, որ տերտերը գանգատ տա Անտոնի վրա։

II

Սովի տարիներ էին իրար հաջորդում։ Մեծ պատերազմն ընկել էր, գյուղերի աշխատող ձեռքը պակասել։ Էլ առաջվա պես սայլերով աղուն բերող չկար, մարդիկ շալակով էին աղուն բերում կամ ամենաշատը մի ձիաբեռ կամ իշաբեռ։ Պակասությունն էնպես էր խեղդել մարդկանց, որ հարևանը հարևանին հացփոխ էլ չէր տալիս։ Համփա Սոլոմոնը վաղուց դուրս արած կլիներ Անտոնին, որովհետև ջաղացն օգուտ չէր տալիս, բայց քանի որ նա, Սոլոմոնը, նոր գործ էր սկսել, «մսի փոդրաթ» էր վերցրել և լավ էլ աշխատում էր, դրա համար էլ Անտոնին ձեռք չտվեց։ «Էսօր չէ էգուց էլի