— Ես եմ, Անտոն պա՛պ, բա՛ց արա դուռը։ Արմենի մոտիցն եմ գալի։
Անտոնն արագ վրա թռավ, դուռը բաց արավ, եկողին ներս հրավիրեց, ապա դուռը կրկին պինդ փակեց, մեծ նիգը գցեց, որ ոչ ոք չկարողանա բաց անի ու կրակի լուսով նկատեց, որ եկողն Արմենի հետ եկած երեկվա տղան է։
— Էսքան էլ կուշանան, տնաշենի տղա, հենց իմացա երեկվա տեսածս երազ էր։ Դե՛, նստի՛, նստի՛, մրսած կլես, մի չայ տամ խմի, էսօր էլ հրես տեսնո՞ւմ ես, էս կրկենին թխել եմ, սոված կլես, կե՛ր, համա ամեն մի թիքեն ուտելուցդ առաջ թաթախ արա աղի մեջ, որ համով ըլի, կրկենին առանց աղ են թխում։
— Շնորհակալ եմ, կուշտ եմ,— պատասխանեց երիտասարդը։
— Էլի՛, ինչքան չըլի, բերանդ թաց ու ցամաք կանես, ուրիշ բան չունեմ, որ պատիվ անեմ, ես էլ եմ սոված, սաղ օրը մանանա չեմ դրել բերանս, քեզ եմ ճամփա պահել։ Համ էլ... անունդ ինձ բաշխի, անունդ ի՞նչ ա...
— Անունս Արսեն ա։
— Դե՛, Արսեն ջա՛ն, նստի էդ փափուկ խոտի վրա, համ չայ կխմենք, համ էլ մի քիչ զրից կանենք ձեր գործերիցը։
Անտոնն ու Արսենը նստեցին կրակի շուրջը։ Անտոնն ամեն կերպ աշխատում էր հյուրասիրել իր «ազիզ ղոնաղին», ինքն էլ ախորժակով ուտում էր կրկենին։
— Ես շտապում եմ, Անտոն պապ,— ասաց Արսենը,— էս կապոցը որ տեսնում ես, թղթեր են, էստեղ շատ բան կա գրած մեր գործի ու անելիքների մասին։ Սրանք պետք է տարածել գյուղացիների մեջ, որ կարդան։ Եթե էս առաջին գործն աջող կերպով գլուխ բերես, այնուհետև կանցնենք մյուս բաներին։
— Տնաշենի տղա, ձեր կռիվը թղթո՞վ ա,— հեգնեց Անոտնը,— թոփ ու թվանք ասա, թե չէ թղթով ո՞վ ա կռիվ արել... Դե՛, մի կարդա՛, կարդա՛, տենամ ինչ կա գրած, լուծը վզին գեղացու համար օգուտավոր բան կա՞, թե թագավորական պրիկազի ու մանիփեստի պես մի նոր կոռ էլ դուք եք ուզում քյասիբի շլինքին փաթաթեք։
Արսենն սկսեց ծանր ու հանդարտ կարդալ մի թուղթ, որ