Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կլանեց Անտոնի խելքն ու միտքը։ Նա աչքերը չռած, բերանը բաց, անթարթ նայում էր Արսենի բերանին, որպեսզի ոչ մի բառ բաց չթողնի։ Ու երբ ընթերցանությունը վերջացավ, Անտոնը նոր գյուտ արած պատանու նման ուրախ բացականչեց.

— Այ, ինչ եմ ասել էդ ղայդի գրածին, յարաբ էդ ինչ մարդ ա գրել, էդքան խելոք ու էդքան մեր ցավին մոտ... Հե՛յ վա՜խ, որ ես կարդալ չեմ գիտում... համա ոչինչ, զորութինը հիմի իմացա, տուր մի հատը ծոցումս պինդ պահեմ, մեկէլները ես թե ոնց կհասցնեմ գեղականին, էդ դու հետով կիմանաս։ Մին էլ... մի բան ասեմ, Արսեն ջան։ Սա որ կա, ջաղաց ա, հազար ռանգի, հազար չեշիդ, հազար ջուռա, հազար ու մի խելքի տեր ա գալի, դու, կամ ձեր ղարկած մարդը որ գալիս ըլի, թող հետը մի քիչ աղուն բերի, հենց իմանանք, թե ջաղացավոր ա, թե չէ էսօրվա քեզ պես, որ գա ու դռնիցն ասի՝ Արմենի մոտիցն եմ գալի, էդ ո՞նց կըլի... Արի ու ասա, մոտս մի մարդ էր ըլում, կամ մի քանի հոգի, ի՞նչ կասեին, թե Արմենն ո՞վ ա, յա դու ո՞վ ես... էս էլ ասեմ քեզ, թե մոտս մարդ ըլի, ես դուռը բաց կպահեմ, թող գա ու տուն մտնի, ոնց որ աղուն բերող մի անծանոթ մարդ, թե չէ հու փակ ըլի, ես ներսից մինչև չհարցնեմ, թե որտեղացի՞ ես, նա թող Արմենի անումը տա ոչ... Դու հալա ջահել ես, էս աշխարհի շուն ու գելը շատ ա, ախպերն ինչ ախպեր ա, նրան էլ դժվար է հավատալը։

Արսենը հավանություն տվեց ծերունու խորհուրդներին ու թղթերի կապոցը թողնելով նրա մոտ, ինքը ճանապարհ ընկավ ասելով.

— Վաղը չէ՛, մյուս օրը կրկին մարդ կգա քեզ մոտ, Անտոն պապ, իսկ էս թղթերը տարածելու համար, թե մարդ պետք ըլի, փող ծախսելու կարիք ըլի, առ էս գումարը, ծախսի...

— Համա ի՞նչ խելոք ես, է՜, բալա ջան, ես որ մարդ բռնեմ էդ թղթերի համար ու փող էլ տամ, էդ հու իմ ձեռովն իմ տունը կքանդեմ... Ի՞նչ կասեն, թե ջաղացպան Անտոնին փողը որդիա՞ն ա, ո՞վ ա տվել, գետի ջուրը հո՛ չի բերել... Կասեն էս բանումը մի «և» կա, ու էդ «և»–ի պոչիցը բռնած քաշ կտան, դե հիմի դու գնա ու գլուխդ թափի