Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ′։

— Իսկ գինի՞... Չե՞ս կարող էսօրվա կարասից մի քիչ գինի հանես, խմենք, տաքանանք, որ հերթով պահակ կանգնենք մեծ ճամփին։

Անտոնը չի իմանում ինչ պատասխանի, վա՜յ թե Սոլոմոնն իմանա, իրեն սաղ-սաղ կարասի մեջը կկոխի, կհորի։

— Հը′... ի՞նչ մտածմունքների ծովն ընկար, չե՞ս կարող։

— Չեմ իմանում, ինչ ասեմ, ձեր արևը վկա, Սոլոմոնը որ իմանա ինձ գինի կշինի, կխմի...

— Հա՜-ա, էդքան զոռբա ա քու Սոլոմոն խազեի՜նը, մենք գանք ազգի համար զոհվենք, նա իրեն տանը խռմփացնի, գինին էլ չխմենք... Ի՞նչ աման ունես, որ գինին լցնենք բերենք, մենք ինքներս կգնանք, դու աման տուր։

—Ունեցածս էս ունկը կոտրած կուլեն ա, մեկել էս պռոշը ջարդված պռատ փարչը։

Ձիավորներից մեկը ծանր ու թեթև արավ ամանները, ջուրը թափեց ու դարձավ ընկերներին.

— Ոչինչ, մի վեդրո կտանեն երկուսով, ճրագ կամ մոմուն ե՞ս։

— Ունեմ, մի ճրագ ունեմ։

— Դե′, Մուշեղ, դու գնա մեծ ճամփի վրա պահակ կանգնի, իսկ մենք երկուսով գնանք գինի բերենք, էսպես մի կես ժամ անց կգաս, ցրտում հո չե՞նք փետանալու։

Մուշեղը սարգ ու կարգ արավ, զենքերը հավաքեց, իսկ մյուս երկուսը ճրագը վառեցին, փարչն ու կուլեն վերցրին, որ գնան գինի բերելու։

— Կարասի տեղը հո լավ ես հիշում։

— Հա′։

— Դե՛, գնանք։

— Հե՜յ-հե՜յ... Գալիս եմ, ես եմ, սև կուպրի պես եմ. միս եմ բերում տավարի, խորովենք, ուտենք տնավարի, գինին խմենք պճպճան, երգեր ասենք կչկչան...

Կուպրն էր, որ հեռվից վազելով գալիս էր մի կովի ազդր շալակած։

Մուշեղը, որ հրացանը ձեռին ջաղացի դռան մո՛տ կանգնած էր և պատրաստվում էր գնալու, հրացանն ուղղեց դեպի Կուպրը։