Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կնիկը հորդորեց, մի քիչ էլ անիծեց, «հողեմ, ցխեմ» արավ, քայց ոչինչ չօգնեց։ Բանը հասավ կռվի։

— Թաղեմ քեզ, թաղե՛մ. քեզ պես մարդը ոչ ունենամ, ես էլ կասեմ, թե մարդ ունեմ, էլի՛... Մեռի էլա, պրծնեմ, ումուդս կտրեմ, անումդ քարին գրեմ, պրծնեմ, բալքի էս էրված սրտիս էլա մի հովության ըլի... — ճչաց զայրացած կինը։

— Կնի՛կ, ի՞նչ ելավ քեզ,— կարծես թե բարկացավ Կիկոսը։— Ի՞նչ ես ուզում ինձանից, հենց կիմանայիր մեռել եմ, ո՞ւր եկար, հետևիցդ հու կարմիր խնձոր չեմ ղարկել։

— Բա հմի գալի՞ս չես, էլի՜,— կրկնեց կինը։

— Չէ՛-է՛... էս երկու գոմ լիքը ապրանքը ո՞ւմ թողնեմ, որ գամ. քյոխվեն ի՞նչ կասի...

— Ա՛ հողագլուխ,— կատաղեց կինը,— դու եկել էստեղ ուրիշի ապրանքն ես պահում, քու կովն ու եզը «խումբերը» մորթեցին, 5—6 ոխճար կար, էն էլ գելն ու գողը տարան, հիմի սոված զկրտա մի տուն քյուլփաթով, տեսնեմ քյոխվեն քեզ կախվելու համար թոկի բուրդ էլա կտա՞... Քյոխվինը քիչ ա, պահի-պահպանի, թող քունը շունն ու գելն ուտեն։

— Հալա դու ես խոսո՞ւմ,— վրա պրծավ Կիկոսը,— ես իմ ջանը քարեքար, չոլեչոլ գցեմ, կռվից գլուխս զոռով ազատեմ, դու իմ տունը քանդե՞ս. բա որ տանում էին մորթոտում, շունչդ վրեդ չէ՞ր, խի՞ չիր մուղայիթ կենում։ Կիկոսը հու հարամ գյուլլի ըռխիցը գալու չէր ապրանք պահի, բա հիմի ինձ ղնամիշ անելո՞ւ ա, գլուխդ ու արևդ թակեմ էս խոլվաթ ձորո՜ւմը, խալխը ինչ կասի, ինձ կթքեն, կմրեն, որ կնկա վրա ձեռք եմ բարձրացրել... Գնա՛, գնա՛ բանիդ: Գնա քյոխվին ասա, թե որ դրուստ խումբապետը գնացել ա, թող ինձ մի քանի օրով արձակի, գամ տունուտեղս սարքուկարգ անեմ, թե չէ... քիչ ա մնում գդալը ջուր ածեք ու միջումը խեղդվեք։

Կիկոսի կնոջ համար միանգամայն տարօրինակ ու զարմանալի էր, որ Կիկոսն այդ տեսակ լեզվով է խոսում։ Կիկոսը Կիկոս ըլի ու իրան հետ էդ լեզվով խոսի՞... «Երևի կռվի ժամանակ մարդկանց սիրտն էլ է փոխվում», մտածեց կնիկը ու որպեսզի չխռովեն ու չկռվեն, համաձայնեց, որ