Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/203

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Է՜, բիձա, մեր ցավն էլ հենց այդ է, զենքի ու զինամթերքի պաշար քիչ ունենք։

— Էլի՛, Էս ամենը, թե կռիվն սկսվեց ու գիշեր-ցերեկ տրաք հա տրաք, կրակ եք տալիս, քանի՞ ամիս հերիք կանի։

— Ի՞նչ ամիս, այ բիձա, մի չորս-հինգ օր, որ հերիք անի մեծ բան է։

— Էդ լավ չի, լավ չի, շա՜տ լավ չի, կռիվը հենց բռնացրեք, որ նրանց համ ջարդեք կամ էլ զենք խլեք։ Հայի աստոծը մեծ ա, մեզ քոմագ կանի, հենց որ կռիվն սկսվի, թող տերտերնին օր ու գիշեր աղոթք անեն,— հեգնեց Անտոնը։

— է, բիձա, մեծացել ես, բան չգիտես, այս կռվում ոչ մի աղոթք օգուտ չի անի։

— Խի՞ ես ասում, այ որդի, լուսավորիչի կրոնը մեծ ա, հաստատ, չարը կխափանի, բարին կառաջնորդի... Գնամ, բալա ջան, գնամ մի քիչ փետ բերեմ, կրակ անեմ, ցուրտ ա, գիշերս ինձ ղոնաղ կաց հազիր մենակ եմ, զրից կանենք աշխարհիս խեր ու շառից։

— Չէ՛, բիձա, ես գնալու եմ, մութը վրա է հասնում։

— Դու գիդաս, որդի, համա շատ խնդրում եմ, բալա ջան, բարեխոս ըլես, քու մեծավորի առաջ, որ էլ ինձ անտեղի տանջեն ոչ, թողան էս ջաղացումը վեր ընկնեմ, իմ ցավին կենամ, հայոց ազգի համար աղոթք անեմ։

— Լավ, կասեմ, բիձա, քեզ ձեռ չեն տա։

— Հա՛, որդի, շատ ապրես, թե որ սաղ մնամ, լավութենիդ տակիցը հալբաթ մի օր դուրս կգամ։

Անտոնը քայլերն ուղղեց դեպի դիմացի անտառը փայտ ու կռիվ ժողովելու, իսկ երիտասարդ լրտեսը ճանապարհվեց դեպի գյուղ։

***

Խավարը խառը երազներ էր ծնել ու պաշարել Անտոնի ուղեղը։ Նինջը կոխել էր Անտոնին, որը, գլուխը դրած բուխարու մոտի քարին, մրափում էր, երբ հրացանների ճարճատյունն ու ձիերի սմբակների դոփյունը զարթնեցրին նրան։ Անտոնը վեր թռավ, ջաղացի դուռը ծերպ արավ և նայեց դուրս։ Նրան թվաց, թե ինչ-որ ծառ ու քար կա, ոտք է առել,