Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շարժվում է, վազում դեպի ցած, դեպի ներքևի սահմանագլուխը։ Ինչպես վարարած գետը քար ու փայտ իրար գլխով տալով աղմկում է, այնպես էլ դիմացի ճանապարհով քշում էին ձիավորները մթության մեջ իրար հրելով, գոռալով ու հրացան արձակելով։

«Մերդ չմեռնի, Միկիչ, տե′ս ինչ օին ա սարքել, է՜...»,– մտածեց ինքն իրեն Անտոնը, ապա դուռը կրկին փակեց ու սպասեց, թե ինչ լուր կբերեն իրեն։

Ջաղացի դուռը բախեցին։ Անտոնը վեր թռավ, մոտեցավ։

— Ո՞վ ես։

— Բա′ց արա։

Անտոնը ձայնից ճանաչեց Սոլոմոնին։ Ջաղացի դուռը բաց արավ ու խավարի մեջ մի քանի ձիավոր նկատեց, որոնցից մեկը խմբապետն էր։

— Էսօր ջաղացը մարդ չի՞ եկել,— հարցրեց խմբապետը։

— Եկել ա։

— Ո՞վ։

— Մինը ձեր տղերանցից էր, էն որ ձեր կշտին նստած գիր էր գրում, մին էլ էս վերի գեղից մի տղա, Միկիչ անունով, աղուն էր բերել, որ աղա։

— Ուրիշ ոչ ո՞ք։

— Ոչ ով։ Ի՞նչ կա, աղա′, խալխն էսպես դուրս թափված, որը ձիով, որը ոտով՝ գնացին։

— Ներքևի պահապաններին կոտորել են,— առանձին ոչ մի բան, զգույշ կաց քեզ էլ չգան ու չմորթեն ջաղացի միջին։

— Ջաղացդ մարդ չթողնես մտնի,— պատվիրեց Սոլոմոնը։

Ձիավորները հեռացան, իսկ Անտոնը քմծիծաղեց։ «Կոտորե՜լ, չէ′, չէ՛, ոտներ են արել, մի սուտ թվանքի տրաքոցից հալա ոնց են դողում, է՜... Մենակ ձեզ ղոչաղ գիտաք,— ինքն իրեն փնթփնթաց Անտոնը,— հալա մի էգուց գիշեր տեսեք գլխներիդ ինչ թազա տրաքոց ա գալու...»։

Լուսաբացին գյուղ էին վերադառնում գյուղացիները, քնկոտ, ջարդված, ջղային ու գազազած։

— Էս սրտով են կռիվ դուս գալի բոլշևնիկի դեմ...

— Սաղ խալխին տրևոգի մեջ են գցել, քնահարամ արել,