Jump to content

Էջ:Kikos, Matthew Darbianyan.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կիկոսն աչքերը բաց արավ ու անկանոն թարթելով, դողդողացող շրթունքները հազիվ կառավարելով՝ ձայնեց.

— Ձեզ մատաղ, ինձ սպանեք ոչ... քյոխվա ջան, առավոտից մանանա չեմ դրել բերանս, գլուխս իմը չի. մի քիչ թողեք դինջանամ, խելքս հավաքեմ, էնա ինչ ուզում եք արեք... — ու նորից աչքերը խփեց ու սկսեց սրթսրթալ ու դողալ։

Քյոխվա Սարիբեգն ինչքան միջամտեց, որ ափիցարը աղեն թույլ տա Կիկոսին գնա իրեն տուն, բան դուրս չեկավ։

— Հը՛, հը՛, հազիվ է ճանկս ընկել, ես բալշևիկ բաց կթողնե՞մ, նե՛տ, բրատ, նե՛տ, շու՛տիշ... — կտրականապես մերժեց ափիցար աղեն։

— Հավատացեք, պարոն ափիցար, սա փախչող մարդ չի, սա մի հայվանի պես մարդ ա, թողեք գնա իրան տուն, առավոտն էլի բերենք, թեկուզ սաղ-սաղ մաշկեք,— միջամտեց քյոխվան։

— Ո՛չ, պարոն Սարիբեգ, սա էլ ձեր գիտեցած Կիկոսը չի՜, ձեր առաջ հիմի ուրիշ մարդ է, չե՞ք տեսնում՝ ինչպես է սուտ հիվանդ կամ հոգնած ձևանում, երբ խոսք է բացվում բալշևիկների մասին. սա չի ուզում ոչ մի գաղտնիք ասած լինի. սրան պետք է շիկացած շամփուրներով դաղել և ռոզգիներ տալ, որ գաղտնիքներ պատմի... Դուք կարող երաշխավորել, որ ձեր առաջ փռված այդ մարդը, իր տուն գնալուց հետո անմիջապես չի ծլկի բալշևիկների մոտ ու չի պատմի մեր զինվորական գաղտնիքներն ու զորքի քանակը. դուք դեռ անփորձ եք զինվորական գործում, այն էլ... նա զոնե վոյեննիխ դեյստվիյ։ Սա հո խմբապետների կռիվ չի՞, սա ռեգուլյար զորքի տակտիկա է։ Թե երաշխավոր եք, տարեք ձեր տուն, ձեր մոտ պահեցեք ու առավոտը վաղ ներկայացրեք։ Կտանե՞ք... — ոգևորված վերջացրեց իր «ճառը» ափիցար աղեն ու նորից մի պապիրոս վառեց։

Քյոխվա Սարիբեգն էլ էր մնացել կրակում. ի՞նչ աներ... Ափիցար աղեն էնպես համոզեցուցիչ ձևով էր խոսում, որ նրան էլ թվաց, թե առջևը փռված ուշաթափ ու ծանր շնչող մարդը իր տեսած ու ճանաչած Կիկոսը չի։ Հարցը շատ կտրուկ էր դրված. կարո՞ղ էր քյոխվա Սարիբեգը երաշխավորել Կիկոսին, տանել իր տուն ու պահել մինչև առավոտ...