Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իյնալով. երիտասարդներն հոժարակամ հետևեցան իրենց դեռահաս ընկերին։

Թրամվեյի նոր գծին շինվելեն առաջ ամենուն ծանոթ էր այս հռչակավոր սրահն, ուր այսօր Նոր թատրոնը կը բարձրանա իր շքեղ ճակատով։

Ամեն ոք գիտե կամ չգիտե թև ի՛նչ է Քաֆե շանթան մը.— Հոս՝ տեղը չէ բարոյականի տեսակետով քննել այս զբոսանաց վայրերը, սա չափ հարկ է ըսել միայն որ այս սրահներուն մեջ ամբոխը երկու մասի կը բաժնվի, մին որ սրահին մեջ, պարզամիտ ու ապշած, կունկնդրե կիսամերկ ու հրապուրիչ աղջկան մը երգերուն. ասի հանդիսատեսներուն նորեկ, դեռավարժ ու աղքատ մասն է. մյուսն որ արհամարհելով պարզ ունկնդրո մը համեստ դերն, իր ժամերը կանցունե դերասանուհյաց հատուկ սրահներուն մեջ, այս դիցուհյաց մոտ ու ռուլեթի սեղանին քով, իր կյանքը բաժնելով ցոփության ու խաղամոլության մեջ։

Ալքազարի սրահն այս զիջեր կարծես սովորականեն ավելի փայլ մ՛ուներ, երգիչներն իրարու կը հաջորդեին իրենց ճոխ ու շռայլ շրջազգեստներուն երկայն քղանցքովը ծածկելով տեսարանին կեսն, ընդհանուր զվարթություն մը կար սրահին մեջ։

Կարդը գերմանուհվույն եկավ։ Գեղանի երգիչն հառաջացավ տեսարանին առջև, սև ալբակե պարզ ու անզարդ շրջազգեստ մը հագած էր որ իր գեղեցիկ մարմինն ընդգրկելով անոր բոլոր հրապույրը երևան կը հաներ, մազերը ժողված չէր, այլ ցիրուցան թողած ուսին վրա. իր դեմքը խոժոռ ու տրտում արտահայտություն մ՛ուներ։ Աղջիկն սկսավ երգել...։

Եվրոպացիներն իզուր ջանացին բառ մը հասկնալ այս անսովոր արտասանութենեն, մինչդեռ ահագնալուր ու որոտաձայն ծափահարություն մը երգին առաջին տունը կողջուներ։ Երգիչ մը չէր նա, այլ ներշնչյալ ու գերագույն ոգի մը որ կիշխեր բոլոր ներկայից վրա. սրահին մեջ գտնվող բոլոր հայերն ոտք ելեր էին միևնույն զսպանակեն մղյալ. դերասանուհին Մայր Արաքսի առաջին տունը երգեր էր։

Առաջին անգամն էր որ հայերեն երգ մը կը լսվեր այո սրահին մեջ, ու այս հաճոյալից գաղափարը Տիգրանի երևակայության ծնունդն էր։