Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործիքներով զինված մի քանի երիտասարդներ որք իրենց տանը հատակագիծը շինելու զբաղած էին։

Փողոցներուն նոր ուղղություն մը տալու խոսք կար. ասոնցմե մին տուները երեքական մեթր ներս քաշելու հարկին վրա կը պնդեր... երե՞ք մեթր... տանուտյարք ահաբեկեցան. Թաղապետական Վեցերորդ շրջանակը՝ փողոցի համար փլցուցած տուներուն արժեքը հատուցանելու կողմ են հռչակ հանած չէր, ու ասով երրորդը կըլլար որ երկրաչափները դարձյալ իրենց բնակությունը քանդել կորոշեին։ Կալվածատերներեն մին մոտեցավ այն երիտասարդին որ խումբին մեծը կերևեր ու զայն տուն հրամցուց անոր սիրտը շահելու համար։ Երիտասարդը դժվարություն չըրավ և իր ընկերներով այս հրավերին պատասխանեց։

Այս փոքրիկ քաղաքավարությունը բոլոր այն փողոցի տուները փրկեց, վասնզի երկրաչափներն իրենց գործիքները վերցնելով ուրիշ տեղ փոխադրեցին։ Ավելորդ է ըսել որ այս սպառնալից կատակն ուսանողներուն նորահնար մեկ միջոցն էր։

Ահա այս և ասոր նման հազար խաղերով իրենց ցերեկվան ժամերը կանցունեին այս հովկուլ դատարկաշրջիկներն, ինչպես կըսեր բարեհիշատակ Ռուսինյան։

Գիշերները տարբեր խնդիր էր. զբոսանքի նեղություն չի կար. դժվարությունն ընտրության մեջ էր. Փերայի բուռը Քաֆե շանթաներե հյուրամեծար կը գտնվեին այս տղոց համար, վասնզի ամեն մեկուն մեջ մեկ մեկ երգիչ աղջկան համակրությունը շահած էին։

Երբեմն ազգասիրական զգացում մը մուտք կը գտներ այս զվարճությանը մեջ. օր մը տեսան որ Տիգրան՝ երեք մտերմաց կրտսերագույնը՝ Արևելյան Ալքազարի մեջ նորեկ ու գեղանի գերմանուհվո մը բարեկամությունը շահեր էր. դիտեցին որ այս կապակցությունը սովորականեն ավելի ջերմ էր. Տիգրան ամեն օր մեկ երկու ժամ այս աղջկան տունը կանցուներ։ Ամիս մը վերջը գիշեր մը Տիգրան Համալսարանին բոլոր աստանդական ուսանողները ժողվեց ու Ալքազար տարավ։ Ես եմ զձեզ հրավիրողը, պարոններ, ըսավ Տիգրան ասոնց առջևն