Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրան իրավաբանության ուսանող մ՛էր. ճպուռի մը պես շատախոս, թռչնո մը պես երգող ու անոր պես անհաստատ, աղջկան մը պես քնքուշ, սատանայի չափ խելացի պատանյակ մ՛էր. առաջինն էր Համալսարանին մեջ ուր ամենքը զինքը կը սիրեին, միշտ օգնող ու ձեռնտու գտնված էր իր դասակիցներուն սրոց անբաժանելի ընկերն էր, մասնավորապես Սեդրաքի համար (երկրաչափության ուսանող մը) որու զավկե ավելի սիրելի էր։

Տասնևյոթը տարեկան կար այս պատանին, համեստ իր գիտության մեջ, պարզ, համարձակ, վիճող ու զայրացկոտ տղա մը։ Բարձրագույն գիտությանց հետևելով՝ մայրենի լեզվի գրագիտությունը մեկ կողմ թողած չէր։

Բացե ի բաց կարհամարհեր անոնք որ հազիվ օտար լեզվի մը մեջ դեռավարժ, իրենց ազգությունն ամոթ ու նվաստություն կը համարին ու մայրենի լեզուն կը վճռեն անհամ, կոշտ ու տձև. նույնչափ կարհամարհեր գուցե անոնք որք գիտությանց նախնական ծանոթություններն ստանալով անմիջապես աշխարհաքաղաքացի կը դառնան։

Հետևապես ազգային կյանքի հմուտ ու հետամուտ, քննազատող ու դժգոհ ոգի, ի բնե ընդդիմադիր ամեն վարչության, քիչ շատ մատ ունեցած էր իր բարեկամներուն հետ այն զանազան ժողովրդական ցույցերու մեջ որմե ապիկար վարչություն մը ու նվաստացած երեսփոխանություն մը կը սարսափին։ Քանիցս այս երկու ժողովները պաշարած էր Մատենադարանի սենեկին մեջ որ մեր ազգային փախստական իշխանության սովորական ապաստանն է։

Ղալաթիո եկեղեցվո բակին մեջ շատ անգամ լսված էր անոր ըմբոստ ու գրգռիչ ձայնն որ պանդուխտ մշեցիներն իր շուրջը կը հավաքեր, կը հրահրեր ու կարձակեր. ժողովրդյան պատանի ու սիրելի հռետորն էր ասի՝ զոր ամենքը կը ճանչնային այն ատենները։

Այս վատթարացման դարուն մեջ ուր միտքն հոգին կը մոռցընե, ուր մարդկությունն ազգությունը կանհետացնե, թերևս միակ այս երիտասարդն էր նյութապաշտ փիլիսոփա մը՝ առանց զուրկ լինելու այն բանաստեղծական ոգիեն զոր պատանությունն