Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծածկված, հոն հին ֆրանսական թիկնաթոռներ, շինական կերպասե վարագույրներ, խել մը անօգուտ ու թանկագին նյութեր, հնություններ, հին և նոր դրամներ, զենքեր փայլուն կամ ժանգոտած, գորգեր, պատկերներ, հախճապակե ամաններ, պզտիկ ու մեծ լուսանկարներ նշանավոր անձերու, դերասանուհյաց, արվեստավորներու, հրապարակախոսներու, ասդին անդին, պատերուն վրա, գրեթե ամեն կողմ ցրված խառն ի խուռն բայց ոչ առանց ճաշակի, փոքրիկ արձաններ իրենց մերկ ու շլացուցիչ դեղով, ոսկեզօծ ու լայն շրջանակներու մեջ Վոսփորի զանազան տեսարաններն ու Անվո ավերակներն. Հայաստանի զանազան քաղաքներն հավաքված տեսակ տեսակ կերպասներ, բանվածներ, աթոռի մը թողված Միռապո մը, սեղանին վրա Պեշիքթաշլյան մը. հոս իրավագիտական թերթեր, վերջապես փոքրիկ սենյակի մեջ հավաքված արվեստի, գեղարվեստի, գիտության ու գրագիտության վերաբերյալ ճոխությունների մեկ բառով ամեն ինչ կամ ոչինչ։

Սուրբիկ շատ մը հարցումներ պիտի ըներ իր տեսածներուն վրա, բայց այս սենյակին մեջ անբացատրելի անհանգստություն մզգաց. վրդովիչ ու հրապուրիչ մթնոլորտ մը կար. իր շուրջը տեսած անթիվ նյութերն ու պատկերները կարծես նույնքան խոսուն ու համակրելի հոգիներ էին. աղոնք էին երիտասարդին ամենօրյա ընկերներն, անոր ամեն մեկ հուզման, տխրության և ուրախության մասնակից։ Եվ Սուրբիկ անմիջապես սիրեց ու պաշտեց այս ամենն իրենց անխնամ անկարգության մեջ։

Անդին Տիգրան հինօրյա ու քաջավարժ սպասավորի մը պես սեղանը շտկեց պատուհանին մոտ. քիչ մը պաղ հավ, տապկած ձուկ, Պոռտոյի հին գինի ճարելն վայրկյանի մը գործ եղավ, ու երբ խոսելով խնդալով սկսան ճաշն, երկուքն ալ բերկրացան հանպատրաստից ու առանց երկմտելու այս խորհուրդն ի գործ դրած ըլլալնուն։

Իրենք անոթի, կերակուրներն համով, գինին ընտիր, ու բնականաբար խոսակցությունը վերսկսավ եռանդով ու աշխուժիվ։

— Պարահանդեսին մեջ կարծեմ նեղացար ինծի։