Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շուրջի աղմուկն՝ և առանց զգալու մինչև իրենց ծովեզերյա տունը հասան։

Գիշերը թեև խոնավ՝ բայց, իր բոլոր պայծառության մեջ էր. հեռուն՝ պարահանդեսին լույսերն ու երաժշտության ձայներ, կը նվաղեին ու կանհետանային։

— Ես անոթի եմ, Սուրբիկ, ըսավ Տիգրան, քյոշկն ելլելե առաջ քիչ մը բան ուտենք․ դուն ալ կարծեմ թե անոթի ես. այս ալ զբոսանք մէ, մանավանդ թե պարահանդեսի հաշվույն մեջ չէ։

— Ուշ չէ՞ այս ատեն։

— Բնավ. Ժամը յոթն է. կես ժամեն վեր կը տանիմ քեզ. հոս սպասավոր արթնցնելու պետք չունինք, ու այս գիշեր քեզի ծառայելու պատիվն իմ անձիս կը վերապահեմ, տիկին, ավելցուց խնդալով։

— Այդպես թող ըլլա ուրեմն, պատասխանեց Սուրբիկ։

Այս առաջադրությանն անտարակույս հաճելի էր. կես գիշերին, ծովեզրի սենյակը, լուսնի լուսով, գլուխ գլխի ճաշ մը ընելն՝ հրապուրիչ ծրագիր մէր։ Սակայն Սուրբիկ վայրկյան մը խորհ եղավ որ գիշեր ատեն թերևս վայելուչ չէր ամուրի երիտասարդի մը տունը գտնվիլ երբ ամեն մարդ կր քնանար։ Բայց Տիգրանի առաջարկը մերժելն անոր վրա կասկածիլ ու զայն վիրավորել պիտի ըլլար. Սուրբիկ դեռ ասոր նման հազար պատճառանք մտածեց ու գտավ այս հաճոյալի հրավերն ընդունելու համար, մարդս որքան դյուրավ կը համոզվի թե որ կամենա։

Ներս մտան առանց մեկու մը ձայն տալու, ծովեզրի սենյակը Տիգրանի աշխատության սենյակն էր. Սուրբիկ բնավ հոն մտած չէր դեռ. ակնարկ մը ձգեց իր չորս դին հետաքրքրությամբ ու սիրով լեցուն, ճրագի պետք չի կար. լուսինն իր արծաթյա ճառագայթներովը սենյակը կողողեր ու ցերեկվան պես կը լուսավորեր։

Ի՜նչ զարմանալի բան է եղեր երիտասարդի մը սենյակն. այս եղավ Սուրբիկի հետազոտության արդյունքն, ամեն ինչ անկարգ ու անկանոն, արևելյան ու եվրոպական կարասիք, միասին, հոս թրքական փոքրիկ բազմոց մը Պուխարայի գորգերով