Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Այո՛, թեև այդ ազատությունն ու իշխանությունը չունիմ։

— Որքա՞ն նախանձոտ ես եղեր, մինչդեռ, շարունակ ադոր հակառակը կը պնդես։

— Կը հավատա՞ս, թև որ ըսեմ որ քեզմե ի զատ և ո՛չ մեկի համար այդքան դյուրազգաց եղած եմ։

— Ո՛չ իսկ հույն բարեկամուհվույդ մասին, հարցուց Սուրբիկ խնդալով։

Եվ մտերմությունն հետզհետե ավելցավ. այն գիշերվան պարահանդեսեն՝ ուրիշ տարիներու պարահանդեսներու ու երեկույթներու վրա դարձավ խոսքն, երիտասարդին հիշատակներն արթնցան, անցյալ օրերու պատմություններ, գրեթե խոստովանություններ ըրին իրարու, մինչդեռ զորավոր ու անխառն գինվո վերջին գավաթները կը պարպվեին ու գլուխները կսկսեին տաքնալ ու դառնալ։ Այդ ժամուն ալ բնավ չէին մտածեր իրենց տարօրինակ ու անպատշաճ կացության ու գիշեր ատեն մեկ սենյակ ի միասին ու առանձին գտնվելնուն վրա։

Քիչ մառաջ նախանձու վրա խոսեր էին ու ադկից խոսակցությունը սիրո վրա բերելու չափ դյուրին բան չի կա աշխարհիս մեջ։

Սուրբիկ հոգներ էր. նա ավելի կունկնդրեր քան թե կը խոսեր, թիկնաթոռի մը մեջ տարածված, աչքերը կիսափակ ու երեսը կարմրած, մինչդեռ երիտասարդն անոր քով ու դեպի անոր ծռած, փոքրիկ ու քնքուշ ձեռքն իր ձեռացը մեջ ամփոփած, կը շաղակրատեր։

Սուրբիկ ուրիշ բան չէր լսեր անոր խոսքերեն բայց եթե հեշտալուր մրմունջ մը որ իր լսողությունը կը հմայեր, կզգար որ կարող էր տարիներով առանց նեղանալու մտիկ ընել այդ քաղցրաձայն նվագին որ ոչ երբեք այդքան ախորժելի ու ողոքիչ թված էր։

Երջանկություն ըսվածն այս էր արդյոք երկրիս վրա։ Սուրբիկ գրեթե այնպես կարծեց վայրկյան մը։

Գիշերը կը հառաջանար զվարթ ու աստեղազարդ, լուսինն հետզհետե կը խոնարհեր դանդաղ և վարանյալ, ծովուն վրա ձևացնելով անթիվ ու աննմանելի լուսեղեն ուրվագիծեր որք