Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Վշտացար ինծի դեմ, այնպես չէ՛, հարցուց հանկարծ Արամ էֆենտիի կինը։

— Բնավ, տիկին, ընդհակառակն շնորհապարտ եմ ձեզ։

— Նախ և առաջ, տիկին, ձեզ և ասոր պես պաշտոնական բառերը վերցուր ու պարզապես Սուրբիկ ըսե ինծի առաջվան պես, որպեսզի չի սրդողած լինիլդ հասկնամ։

Երիտասարդը քիչ մը վարանեցավ։

— Միթե չափազանց մտերմության հետևանք չէ՜ր իմ սխալմունքս, ըսավ նա. դուք պետք է ուզեք որ այս ձևակերպությունները մնան ու պատնեշ մըլլան իմ տկարությանցս դեմ։

— Ո՛չ, Տիգրան, առաքինությունն արժեք չունի թե որ ճնշման մը արդյունք է. ես քեզմե աղեկ գաղափար ունիմ քու սրտիդ ազնվությանը վրա ու քու մտերմությանդ կորուստովը չեմ ուզեր իմ հանգստությունս փոխարինել, մոռցիր ալ այն ժամն ինչպես որ ես ալ չեմ հիշեր բնավ։

Տիգրան չի պատասխանեց։

— Մի՛ կարծեր որ չի մաքառեցա սիրույս դեմ, Սուրբիկ, ավելցուց նա քիչ մը վերջը, երեկվընե չէ որ անբացատրելի իշխանություն մ՝ունեցար իմ վրաս դուն, որո հետ հավիտյան անհաշտ ու ոխերիմ թշնամի մնալ պարտեի, ես անոնցմե չեմ որք իրենց հաճույքին, թերևս երջանկության համար ուրիշի երջանկությունը կը գողնան ու տունը կը կործանեն. ինքզինքս չեմ ուզեր արդարացնել վայրկյան մը սխալելուս. դուն ինծի շուտով ճանչցուցիր պարտականությունս որուն համար ալ ավելի կը... հարգեմ զքեզ. իսկ դուն, — և Տիգրան հառաչեր այս ըսելով, — բնա՜վ, ո՜հ, բնավ լսած մի՛ ըլլար իմ դժբախտ սիրույս խոստովանությունը։

— Հաշտվեցանք ուրեմն ու տուն դառնանք։

Այսպես վերջացավ այս խռովության սկզբնավորությունը, սակայն ուրիշ դժբախտություն մը չուշացավ այս ընտանյաց գլխուն։

Արամ էֆենտիի գլխի հիվանդությունը բոլորովին անհետացած չէր ու հանկարծ նոր ձևով մը երևան ելնելով խիստ ծանր կերպարանք մառավ քիչ օրվան մեջ։