Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/105

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Խնամքները չպակսեցան. Խոսրով հիվանդտես եկավ ու Ենի-Մահալլև դառնալուն ծանոթները զինքը շրջապատեցին իբրև թե տեղեկություն մառնելու համար հիվանդին վրայոք, կեղծավոր կարեկցություն որով քողարկված էր հիվանդին կնոջ վրա տարածված հետաքրքրությունն, անշուշտ երեսի վրա թողած էր իր ծերունի ամուսինն, երիտասարդ տարփավորին հետ զբոսնելու համար։

Կիներն ու հատկապես պառավները՝ նշանավոր էին իրենց հավաքած տեղեկություններով։

Հիսուննոց գիրուկ կին մը որո երեսին խորշոմներն անհետացնելու համար կատարված ջանքերն ապարդյուն մնացած էին, լրագրաց մեջ կարդացած խաբեբա դեղերեն գանգատելե վերջը կը պնդեր որ Արամ էֆենտիի տունեն ելած սպասուհի մը թանկագին մանրամասնություններ բերած էր իրեն, մանրամասնությունը որք պարկեշտ ականջներե չէին կրնար լսվիլ։

Բամբասող հետաքրքիրներուն սիրտն անհամբերութենե բաբախեց։

— Հոգի՛ս, կը գոչեր նա, կարգված կիներն աղջիկներն ավելի կատղեր են հիմա, լսվա՞ծ բան է ասիկա որ գիշերն ի լույս ձգես հիվանդ էրիկդ մինակը չարչարվի ու դուն պարտեզին դռնեն դրացի երիտասարդին տունն երթաս։

Ունկնդիրներն իբրև թե չի հավտալու շարժում մըրին՝ չարլեզու պառավը զայրացնելու ու ա՛լ ավելի խոսեցնելու համար։

— Չե՞ք հավատար, կրկնեց գիրուկ կինն աշխուժիվ, չե՞ք հավատար, կուզե՞ք որ Մարիամը կանչեմ ու ձեր դիմացը խոսեցնեմ։

— Վրայեն շնորհքով կին մը կերևա, մեղա՞, ալ մարդ իր տեսածին ալ խաբվելու չէ, վրա բերավ անդիեն սիկառի թուղթի պես նիհար ու թափանցիկ կին մը որ բուրգի ու բամպակի անհրաժեշտ պաշարով մը բեռնավորած էր ամեն ատեն։

— Ատանկները շնորհքով կերևան վրանուն։

— Ո՞վ կը սիրե եղեր, հարցուց քառասունն անցուկ աղջիկ մը որ ամուսնանալն հուսակտուր, ա՛լ պառավներու կարգը բազմելու իրավունք ուներ։