Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/106

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Փաստաբան է, ինչ է, գիշեր ցերեկ իրարու տունն են եղեր։

— Այս տեսակ կիները բոլոր իգական սեռին ալ պավույն կը դպչին, ավելցուց արդար զայրույթիվ երիտասարդ ու գեղանի կին մը որո սիրահարական արկածներն երեսին վրա ներկված գույներուն չափ բազմաթիվ էին։

Ուրիշներ կը պնդեին թե իր կնոջ մեղապարտությունն հաստատվելուն վրա Արամ էֆենտի հիվանդացել էր. թե խեղճ մարդն ամեն տեսութենե զրկված, գրեթե բանտարկված էր շատախոս երիտասարդ մը՝ ականջն ի վար փսփսալով խորհրդավոր ձևերով կը պատմեր թե իր բարեկամներեն մեկն Արամ էֆենտիի քյոշկին մոտեն անցած ժամանակ գիշերային ժամադրությանը հանդպեր էր։

Այս կերպ էին ահա խոսակցություններն հասարակության մեջ. այս բամբասողներեն գոնե մին՝ բան մը գիտե՞ր կամ թե ինք կը հավատա՞ր իր ըսածներուն. բնավ։ Նախանձը մեկ կողմեն, հետաքրքրությունը մյուսեն միացեր էին զրպարտությունն ու քսությունը ծավալելու այնպիսի անձերու դեմ զորս թերևս շիտկե շիտակ չէին ճանչնար։

Երիտասարդ կինը մեծագույն հանցավորը, թերևս ոճրագործ մէր. ամենքը ծերունի ամուսնույն կը գթային ու կը կարեկցեին միայն։ Գուցե հարկ էր ջանք մընել զայն իր անհավատարիմ կնոջ ձեռքեն փրկելու համար։

Այս տեսակ են ահա այն սարսափելի տարաձայնություններն որք փոխանցիկ ու քստմնելի հիվանդությանց պես բերնեբերան տարածվելով մարդուս պատվույն կը դպչին, կը հալածեն ու շատ անգամ կը խորտակեն թաքուն, համառ ու անողոք ամբաստանություններ որո դեմ ամբաստանյալն ինքզինքը արդարացնելու միջոց չունի։ Մարդոց ներքին կենաց մասին հասարակաց կարծիք ըսված բանն՝ ի բացակայության տրված վճիռ մ՛է որ առանց դատապարտելույն հաղորդվելու կը գործադրվի։ Բավ է որ զրպարտիչ բերան մը բացվի մեկուն դեմ ու դատապարտությունը ժամանակի խնդիր մ՛է միայն և որո դեմ զրպարտյալը բողոքելու իրավունք չունի։

Այս կերպ էին ահա հասարակաց կարծիքը Սուրբիկի մասին։