Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարկեշտության, մաքրության նշույլ չունեցող անառակուհիներ չէին կրնար անտարակույս անոր առաքինության հավատալ. սեր ճերմակին գոյության չի կրնար հավատ ընծայել. այս եղած է միշտ աշխարհիս օրենքը։

Անդին՝ հիվանդր կը տառապեր ու կը դարմանվեր, խեղճ մարդուն հիվանդությունը մահատու ու սարսափելի կերպիվ փոխանցիկ ախտ մ՛էր. խոհեմությունը կը պահանջեր զգուշություններ ձեռք առնուլ անոր քովը մոտեցված ատեն, բժշկաց պատվերը խիստ ու բացորոշ էր. Սուրբիկ միայն չի ճանչցավ այդ արգելքն զոր իր պարտականության հակառակ դատեց. իր մանկութենեն ի վեր դժբախտ ու ճակատագրեն հալածյալ՝ քաջությամբ, գրեթե ուրախությամբ, նետվեցավ այն վտանգին մեջ որ այնչափ դյուրավ կրնար զինքն ալ ի միասին գերեզման տանիլ։ Ո՛չ ոք գիտցավ երբեք այս մանկամարդ կինն առաջնորդող գաղափարը. փոխանցման վտանգը տարաբախտուհին հրապուրեց. ազգական, բարեկամ իզուր խրատեցին կամ սպառնացան. Սուրբիկ անդրդվելի մնաց. Տիգրան միայն բան մը չըսավ, մինչդեռ բժիշկներն ապշած ու սքանչացած կը մեկնեին ամեն անգամ։

Միայն իր զավակներն հեռացուց ու ինքը գիշեր ու ցորեկ սպասուհվո մը օգնությամբ հիվանդին քովեն չբաժնվեցավ։

Հիվանդության չորրորդ-հինգերորդ օրերն Արամ էֆենտին անճանաչելի էր. անհամար ուռույց ու պալարներ, սև ու կապույտ, անոր դեմքն ու ճակատը պատեցին, աչերը փոսն իջած ու երեսին ուռուցիկ կույտերուն մեջ թաղվելով երկու փայլուն կետեր ու փոխվեցան. շրթունքն իրարմե հեռու ու բոլոր գլուխն ահավոր ու քստմնելի երևույթ մստացավ։

Սարսափելի ախտը մեկ քանի ավուր մեջ այս աստիճանի կերպարանափոխ ըրած էր հիվանդը, սպասուհին վախցավ ու առավ քալեց ու Սուրբիկ մինակ մնաց հիվանդը դարմանելու ու սփոփելու համար։

Մինա՞կ, ոչ սակայն, քանի որ Տիգրան առտու ու իրիկուն հոն էր․ բժիշկները կը հրավիրեր, դեղերը կը պատրաստեր ու տունեն դուրս հիվանդին վերաբերյալ բոլոր հոգերը կը մտաներ։ Նա մանավանդ Արամ էֆենտիի նեղությունը գուշակելով,