Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առանց Սուրբիկի զգացնելու, Արամ էֆենտիի մեկ պահանջքը պանձած լինելու. պատրվակավ դրամական օգնություն մը կներ ու վերջապես այդ մահու ու սարսափի օրերուն մեջ պահապան հրեշտակի մը պես կը հսկեր այդ անօգնական ընտանյաց վրա։

Բժիշկներն հետզհետե ձեռք քաշեցին. հիվանդին վիճակը բոլորովին հուսահատական ու անոր ավերյալ դիմաց տեսիլն արհավրալից դարձավ։

Անտարակույս նախախնամության անքննելի մեկ գաղտնիքն էր որ այս դժնդակ ու զարհուրելի ախտն այսքան բարի ու պարկեշտ մարդու մը վիճակած էր. հիվանդին խելքը գլուխն էր միշտ, վերջին օրերուն, երբ որ ինքն ալ վերահասու եղավ իր վտանգավոր կացության, վարանում մը տեսնվեցավ այս մարդուն վրա. ըսելիք մը ուներ ու չէր կրնար կարծես մեկու մը հայտնել. Սուրբիկը միայն տեսնելով միշտ իր քովն, իր արդեն անհանգիստ խղճմտանքը բոլորովին վրդովեցավ. ամենքն, եղբայր, քույր, կամ ազգական, քոլերայե փախելու պես, առանց ետևնին դառնալու, մի առ մի խույս տվեր էին ու միայն այս երիտասարդ կինը մնացեր էր մինչև վերջն հաստատ իր սիրույն ու հավատարմության մեջ. այն ատեն մտածեց թե որքան ծանր պարտքեր ստանձնած էր այս մատղաշ ու փափուկ արարածին դեմ զոր դեռ տղա հասակեն աններելի անխոհեմությամբ մը իր կենաց բոլոր ծերության ու տառապանացը մասնակից ըրած էր. մտածեց նաև թե ասկից կը ճարեր բժիշկներու ամենօրյա տրված գումարները, վասնզի իր չնչին խնայողություններն հիվանդության առջի մեկ երկու ավուր մեջ սպառած էին անշուշտ։

— Սուրբիկ, ըսավ մանկամարդ կնոջն որ աթոռի մը վրա ու անկողնուն մոտը նստեր էր, քնահատութենե թալկահար ու դժգունած, ստակ մնացած չէ քովդ, իմ սեղանավորս կա Պոլիս, պետք է մեկ երկու ամսական կոտրել տալ այս օրերու համար։

— Բայց ստակի նեղություն չունինք, պատասխանեց նա, ատեն չեղավ քեզի իմացնելու որ հույն վաճառականին վրայի առնելիքներդ Տիգրան էֆենտին գանձեց։