Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ո՞ր հույն վաճառականն, հարցուց հիվանդը մտախոհ։

— Դուն գիտես անշուշտ, որո՞ւն վրա հարյուր քսան ոսկի պահանջ ունիս։

Արամ էֆենտի մեկու մը վրա այս տեսակ պահանջ մը չուներ ու անմիջապես գուշակեց այն չափազանց փափկության զգացումն՝ որով Տիգրան դրամական օգնություն մընդունել տալու համար այս ստախոսության դիմեր էր. բան մը չըսավ, բայց աչվըները լեցվեցան։

— Եղբորմե մը ավելի է մեզի Տիգրանը, Սո՛ւրբիկ, գիտցած ըլլաս, մրմնջեց միայն։

Իրիկունը երիտասարդն եկավ տրտում ու տխուր, հետևյալ օրվան համար բժիշկները նոր խորհրդակցության մը հրավիրեր էր. շատերը մերժեր էին գալու, և ոչ մին ծածկեր էր հիվանդին մոտալուտ վախճանն, ասով հանդերձ Տիգրան համառեր էր զանոնք կանչելու համար։

Հետևյալ օր հիվանդը բոլորովին ծանրացավ, իրիկվան դեմ Տիգրանը տեսնել ուզեց, հինդ րոպե վերջ երիտասարդն անոր անկողնույն մոտն էր։ Սև վարագույրներ կարգիլեին պատուհանեն եկող լույսն որուն չէին կրնար այլևս դիմադրել հիվանդին տկարացած աչքերը. գերեզմանի պես մթին ու սգավոր սենյակ մ՛էր. հիվանդը գլխով նշան մըրավ կնոջը զինքը մինակ թողլու համար ու Տիգրանին դառնալով.

— Իմ վերջս մոտ է ալ, Տիգրան, ըսավ հազիվ լսելի ձայնիվ, ու տեսնելով որ երիտասարդն ընդմիջելու շարժում մը կընե. ոչ, ո՛չ, ավելցուց նա, խարվելու պետք ունեցողներեն չեմ ես... շնորհակալ եմ քեզմե, ճշմարիտ որդի մ՛եղար ինծի իմ կարոտության օրերուս մեջ... քեզիպեսներ շատ չեն գտնըվիր...

Հոս հիվանդին ձայնը մարելու մոտ երևցավ.

— Զավակներուս ապագան չապահոված կը թողում ու կը մեկնեմ ու այս ցավը շատ մեծ է հոր մը համար... կուզեմ որ զավակներուս հսկես, Տիգրան... կը հասկնա՞ս, զավակներս որբություն չի տեսնան...

Տիգրան իր արցունքը չի կրցավ բռնել ու հեծկլտալով արտասվել սկսավ։