Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու դժբախտությունը կուտան և զոր չափահասությունն ու երջանկությունը ետ կառնուն։

Տիգրանի ընտանիքը ծանոթ չէր ու ինքը բնավ չէր խոսեր անոր վրա. իր մանկությանը Պեշիքթաջ կը բնակեր, վերջեն Օրթագյուղ անցավ ու հետո Փերայի մեջ հանդիպեցան անոր։

Իր ընկերներն Համալսարանին մեջ ճանչցան զինքը. շիկնոտ ու մելամաղձոտ, սրտափակ ու գլխահակ տղա մ՛էր. ժամանակով սրտի մոտ, հպարտ ու զվարթ պատանի մ՛եղավ, քաշված ու առանձնացած էր առաջ, հիմա մոտեցող, թերևս հարձակող մեկն էր։

Այս տղան միջակ ու վայելուչ հասակով, մութ շագանակագույն մազերով պատանի մ՛էր. գեղեցիկ դեմք ու գեղեցկագույն աչքեր ուներ զորս Համալսարանին շուրջը գտնվող տուներուն աղջիկները շուտով նշմարեցին։

Տիգրան սիրեց առաջին աղջիկն որ իրեն ժպտեցավ ու ինքն իսկ իր սիրո սաստկութենեն վախցավ։ Դիցուհվո մը պես գեղանի ու մանկամարդ հելլենուհի մ՛էր այս որ Համալսարանին պարգևաբաշխության հանդիսին մեջ տեսեր էր պատանին առաջին ելլող այնքան տարիքոտ ընկերներու մեջեն. նա մանավանդ զարմացեր ու հավներ էր անոր ձևերուն որոց շնորհը պարզությանցը մեջ կը կայանար։

Կատա՜կ մը, պարզ կատա՜կ մընել կարծեր էր ժպտելով անոր երեսին ու անոր սրտին հաղորդելով յուր աչքերուն ավերիչ կրակը․ վերջեն Տիգրանի հափշտակությունը տեսնելով զբոսներ էր քիչ մը ու հետո ձանձրացեր էր անկից, այս քմահաճույքը լուրջ բան մը չէր աղջկան համար, այլ մահացու կրնար լինիլ պատանվույն սրտին։

Հելլենուհին ամուսնացավ, ահավոր ու սարսափելի հարված մը եղավ ասիկա Տիգրանին որ մազ մնաց պիտի մեռներ. մեկու մը չի բացավ իր վիշտն ու մեկու մը չի գանգատնցավ. արժանապատվության զգացումն որ ամենեն հզոր կը խոսեր յուր հոգվույն, զինքը փրկեց, չի մտածեց այլևս անոր, բայց չի ջնջեց անոր սերն իր սրտեն. ամուսնացող անխոհեմուհին իր սիրած աղջիկը չէր․ իր սիրածը մեռած համարեց այլևս և երկյուղած բարեպաշտությամբ մը իր սրտին մեջ խոր