Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իր գույքն ու կարասիքը վաճառելե հետո, Սուրբիկի ու անոր զավակացը հետ Ադրիանուպոլիս երթալու համար ճամփա ելավ. վայրահաչ բերաններն այո ուղևորությունն իրենց առջի ամբաստանությանը ապացույց համարեցին։

— Չէի՞ ըսեր ձեզի, կըսեր այս առթիվ հիսուննոց գիրուկ կինը, խեղճ մարդուն մահվան պատճառ եղան ու քառսունքին չեն սպասեր անգամ, այս տեսակ սեր տեսնված չէ դեռ. ամեն մարդ շատ բան ըրած է, բայց ամոթը մեկդի թողած չէ աշխարհի առջև։

— Առաջուց ի վեր մարդ չէին սեպեր անոնք, ավելցուց դրացի խոսակից մը։

Երիտասարդ փաստաբանն երբեք կարևորություն տված չէր այս թունավոր լեզուներուն. նա՝ Ադրիանուպոլսո մեջ երկաթուղվո կայարանին քով, Քարաղաճի դաշտին մեջ առանձին տան մը մեջ կը բնակի, ընդարձակ պարտեզ մը ունի զոր կը մշակե և ուր կզբոսնու. երբեմն աղքատ ու կարոտ մարդոց դատերը կը վարե ձրիաբար, այդ կողմերն ամենքը կը ճանչնան հարուստ փաստաբանն, ինչպես կանվանեն զինքը բարեմիտ գյուղացիք։

Բայց առջի անփույթ ու զվարթ երիտասարդը մնացած չէ. հիմա մտախոհ ու տրտում մարդ մէ. մորուք թողած է ու սպիտակ թելեր կանուխեն անոր մազերուն մեջ կը տեսնվին։ Խիստ քիչ անգամ անցելույն վրա խոսք կընե։ Արամ էֆենտիի վերջին կամքն հարգած է. անոր զավակներն իր զավակներն եղած են, վասնզի Սուրբիկ իրեն կինն է։

Վ Ե Ր Ջ