Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծանրաբեռնյալ կը դառնար տուն ուր անպաշտոն քարոզիչ մը, վռնտված վարդապետ մը սովորաբար հյուր եկած կը գտնվեր։

Կինը՝ Ֆուլիկ հանըմ, ատենով վարժուհի մէր Քում-Քափուի վարժարանին մեջ ուր մյուսյու Գասպար կը դասախոսեր, և՛ տասնևութ տարիի ամուսնութենե մը վերջը մեկ հատիկ աղջիկ զավակ մը միայն եկած էր իրենց առանձնությունը ոգևորելու։

Ֆուլիկ հանըմ նիհար, դյուրաթեք արարած մէր, հիմա քառսունի մոտիկ որ գյուղին մեջ կը վայելեր էրկանը հարուցած աղմուկին արձագանքը և Առավոտին համբավին կը մասնակցեր իբրև կազեթաճիին կինը։ Կզգուշանային անոր քով խոսելն, վախնալով որ հաջորդ օրը լրագիրը չի հրատարակե իրենց բամբասանքն ու սովորական չարախոսությունները։

Խմբագիրը բավական կը շահեր ընտանիքը ապրեցնելու չափ, ամառվան ու ձմեռվան գլխարկն ու շրջազգեստը շինելու չափ իր կնոջը ու աղջկան, որ գիշերները իր հոդվածներուն մաքուրը առնելու կաշխատցներ։

Երկու տարի միայն տևեց այս երջանիկ գոյությունը։ Պատրիարքական փոփոխության մը մեջ, Քաքմաճյան իր հարվածած եպիսկոպոսին ընտրությունը չի կրցավ արգիլել և նորընտիր Պատրիարքը թերթը խափանել տալով պատասխանեց խմբագրին առջի ազգ. տեսությանը, հորում մեծաբան հրապարակագիրը առջի օրեն իրեն դեմ կը զինվեր։

Այս առջի հարվածին տակ չընկճեցավ սակայն, այլ իր ամեն բան չափազանցելու տրամադիր մտքովը ինքզինքը լրագրական «նվիրական դատին» զոհը նկատեց, այնպիսի զոհ մը որ ապրելու պետք ունի, վասնզի ընտանյաց տեր է. բարեկամներ օգնության ձեռք կարկառեցին, Մանզումե իր մեծագույն հակառակորդը, այն ատեն հաջողության զենիթը հասած, գովելի վեհանձնություն մը ցույց տվավ հանգանակություն, մը բանալով, աղետն ամենեն շատ գրաշարներուն զգալի եղավ, պարապ ու անգործ մնացած խեղճերը գերեզմաններե վտարյալ ուրվականներու պես նիհար ու դժգույն շրջեցան փակ մնացող տպարանին շուրջը։ Յոթն ամիս վերջր Քաքմաճյան