Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/118

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տիգրիսի արտոնությամբ նորեն հրապարակ ելավ, այս անգամ խոհեմ ու շրջահայաց, տեսած պատիժեն խրատյալ։

Օր մը սխալեցավ նորեն։

«Պատ. Քաղաքական ժողովո մեկ սխալը» վերնագրով հոդված մը հրատարակեց ու Տիգրիսի հորդումներն ալ արգիլվեցան. հիմա Եփրատը կը հրատարակեր, հայտնելով ամենուն որ սարերը միայն կայծակը կը հրավիրեն ու այս անպատեհ փոխաբերությամբ սփոփված՝ որ իր սնապարծության կը պատշաճեր, հետզհետե կը վարժվեր իր ակամա գործադուլին, գրեթե կը սիրեր անոր պատճառած անդորր ծուլությունը:

Այս դադարման օրերուն մեջ, ստակի անձկությունը ավելցած օրն ի բուն կը շրջեր Պոլիս, Ղալաթիա, եկեղեցիները ու խաները, ի տես հանելով իր անձը կենդանի պատկերի մը պես որ հայ լրագրությունը կը ներկայացներ։

Հոս հոն պարզամիտ գավառացիներ կը փնտրեր, կը գտներ իր թերթին հավաքածոն առաջարկելու համար իբրև թե հազվագյուտ դրական գանձ մը ծախու հաներ և ձեռքը օդին մեջ երերցնելով ապշած դրսեցիին աչքը խոթելու ձևով, հանդիմանելով զայն, այսպիսի թանկագին բանի մը կարևորությունը չըմբռնելուն համար, կը գոչեր.

— Ժամանակակից պատմության էջերն են, զորս տեղ մը չեք կրնար գտնել. ասկից քանի մը տարի ետքը տասը ոսկիի պիտի վաճառեք թե որ ուզեք, բայց ձեզի համար երկու ոսկվո կը ձգեմ։

Մարդը կը վարաներ, ու Քաքմաճյան իր վերջին միջոցը ի գործ կը դներ։

— Քրտինքովս, արյունովս գրված են ասոնք, ազգին երեսուն տարվան վաստակավորն եմ, հասկցա՞ր, բարեկամ. գավառացին կամչնար, կը վճարեր։

Այս կերպ հնարքներով կապրեցներ տունը, պահելով խրոխտությունը մուրացկանության մեջ. անդադար ծխելով (իր միակ մոլությունը) ու մուխե ամպե մը մեջեն երերցնելով մեծ խոսիկ լեզուն, ֆեսը վեր նետած, ճակատը լայն, ամայի. ու մանր աչքերը խոժոռ խոժոռ անթարթ ուղղելով խոսակցին (եթե հարգելու մարդ մը չէր), կարծես թե ըսել ուզեր.