Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դուն ես այս վիճակիս պատճառը։

Ֆուլիկ հանըմ իր խեղճ կինը ընտանի կենդանիի մը պես հնազանդ և համակերպող, վերահաս աղքատության կը դիմադրեր, կոկելով, նորելով հիները, ու պարտկելով չքավորության զրկումները։ Իր մեկ հատիկ աղջիկը՝ Նոյեմին կու գար կը հասներ ճիշտ հորը այս գահավեժ անկման միջոցին իր պատանուհվո ամեն հույսերուն, փափագներուն ոչնչացու մը տեսնելու համար։

Վարձով նստած փոքրիկ տուներնին եկեղեցվո ճիշտ դեմն էր. այս դրացիությունը աղջիկին աղոթասեր ու լռակյաց ոգվույն հարմար էր։

Հայրը իր դժգոհություններով, աղմուկովը կահաբեկեր զինքը և ավելի ևս կը պարտավորեր մեկուսի և անշշուկ կենալու։

Միակ հաճույքն էր այս աղջկան, իր փոքրիկ սենեկեն որուն բոլոր հորիզոնը եկեղեցվո բարձր պատերովը կը սահմանվեր, եկեղեցի եկողները դիտել, ջանալով գուշակել անոնց ժամասիրության պատճառը ու գաղտնիքը, գիտնալով որ տիկին Շամլյան իր տղուն նշանտուքին համար կուգար, Սուրբիկ տուտուն՝ գյուղին պառավը, տրտնջալու, ամենքը իրենց խնդիրքին համեմատ մոմերու, արծաթ խաչերու, ոսկեթել վարագույրներու խոստումով կաշառելու նախախնամությունը։ Այսպեսով Նոյեմի մոռնալ, չի տեսնել կուզեր իր հորը վրա ծանրացող թշվառությունը, մինչդեռ խմբագիրը հաճույք կզգար կարծես ամեն իրիկուն այս տասնևվեց տարու աղջկան հասկցնելով պատմելով իր բոլոր օրվան տառապանքը։

Վերջերը նոր միջոց մը հնարեր էր ստակ շորթելու ամուսնացող երիտասարդներեն։ Առջի Պսակին կամ սուրբ Սարգիսին Պատրիարքարան կը վազեր, կարգվելիք անձանց ցուցակը առնելով ընտրություն մը կըներ, հարուստը կը զատեր մեջեն և թերթին ճակտին համար հարսանյաց հանդեսին նկարագիրը կուտար Ատոմին որ հետևյալ բանաձևով կը վերջանար «երջանիկ ու բարեբաստիկ կյանք մը կը մաղթենք նորապսակ ամուսնացողներուն» և կոկիկ ծալքով, կապույտ սիրուն ժապավենով մը զոր նոյեմի կը պարտավորեր հատկապես պատրաստել,