Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եփրատի այն թիվը տարեկան ընկալագրին կցված հատուկ ցրվիչով կերթար մատուցվելու փեսին գրասենյակը, հարսնիքին երեքշաբթի առտուն։

Թե որ բաժանորդագինը չի գար ինքը կը ներկայանար գրասենյակ ժպտուն, քաղաքավար, գունաթափ փալթոն կոճկած, բոլորովին պաշտոնական ձևով.

— Արգելք չըլլամ Ձեր զբաղմանց. կաղաչեմ սեր գործը նայեցեք։

Մեղրածորան գգվալից բառերովը, զգույշ և բարեկիրթ վարմունքովը ամչցնելով դիմացինը։

Եվ սեղանին վրա բացված սիկառի տուփ մը նշմարելուն, մտերմանալով տիրոջը հետ.

— Սիկառ մը առնելու թույլ կուտա՞ք։

Մուխին մեջ Քաքմաճյան կը խոսեր, չի հուսահատելով ոևէ մերժումե, այլ ավելի ևս քաղցրացնելով լեզուն կը հիշեցներ Առավոտի, Տիգրիսի, Եփրատի անցյալը, միշտ անցյալը, իբրև թե բացակա մարդու մը իրավունքը պաշտպաներ։ Հետո իրավախոհության կուգար, երկու մեճիտիեով կը բավականանար և կը մեկներ։

Այսպես կը շրջեր փողոցե փողոց, ծխնելույզի մը պես բերնեն արձակելով մուխի թանձր ոլորքներ և շարժելով անհամեմատ կերպով երկայն թևերը որոնք կարծես վերջեն փակցված էին իր ոսկրուտ ուսերուն. ձեռքերը հաստ, կոպիտ, ավելի գործավորի մի վայելուչ քան թե գրական մարդու, և միշտ կարկառելու ուզելու պատրաստական, երկայն հասակին վրա փոքրիկ գլուխը հսկա գնդասեղի մը երևույթը կուտար իրեն. քիթը մանավանդ իրմե առաջ կը նշմարվեր, ցից ու հառաջապահ, միջամտող ու հետաքրքիր քիթ՝ տիրոջը բոլոր փառասիրությունները, տկարությունները ի ցույց ածելով․

Քաքմաճյան չէր տեսներ այլ կը հոտվըտար ու կը հավաքեր հաջորդ օրվան լուրերը երբ թերթը դադարման մեջ չէր, մանավանդ ամեն գայթակղությունները զորս ժողվելե վերջը կերթար հեղինակները գտնելու, քիչ մը ստակի փոխարեն լռություն խոստանալով և դրամ առնելե վերջը գոհ, երջանիկ, վեր