Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/128

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հաջողությամբ որ պահնորդները չի տեսնեին, երկու ծովային զինվոր ետևեն հասան ու ետ դարձուցին մարդը։

Քաքմաճյան այս տեսաբանեն խրատվեցավ ու ետ դառնալու վրա էր երբ փրկավետ ձայն մը զինքը կանչեր։

— Ի՞նչ կը դիտես հոդ։

Խմբագիրը նոր կյանք ստացավ տեսնելով Պասմաճյան Հակոբիկը։

— Ոչինչ, ո՞ր կողմ, Հակոբիկ էֆենտի։

— Պոլիս։

— Ես ալ. միասին երթանք։

Հակոբիկ վճարեր ստակը, ուշ մնացած էր. կամուրջին կեսեն-պատճառ մը առարկեց ու երիտասարդեն զատվելով շուտաքայլ հեռացավ իր բաժանորդները գտնելու համար։

Նախ Չաքմաքճըլար Շամլյաններոլ վաճառատունը հանդիպեցավ ուր պասմայի ծրարներու ետին պատերը անտես կը մնային։ Բեռնակիրներ դրան առջև ձգված վաճառքի հակերը քակելու կզբաղեին. ներսը պարսիկ վաճառական մը մաս մը ապրանք կը սակարկեր հրեայե մը ավելի բծախնդրությամբ, նեղ խանութին մեջ անցնելու տեղ չէր մնացեր. խմբագիրը զգաց որ պատեհ ժամ չէր ստակ ուզելու, ետ դարձավ անկեց Սիրքեճի Տեմիրճյաններուն. հոն հաջըղեցավ. գանձապետը դեղնի վրա, ակնոցավոր սիրուն տղա մը, առանց ընդդիմության վճարեց տարեկան բաժանորդագինը. Քաքմաճյան շնորհակալ եղավ ու տեղի անձկության պատճառավ գետնի վրա դիզված երկաթե փողերու վրայեն քալելով, ճշմարիտ լարախաղացի մը ճարտարությամբ հեռացավ։

Ամենեն հուսավետը, Մարտիրոս էֆենտին, վերջի թողած էր, այն մանուկներուն պես որ սիրած կերակուրնին ետքի կը պահեն։ Տասը քայլով ինքզինքը Թաշխանի դուռը գտավ, վեր ելավ էֆենտին հարցուց. բազմություն կար։

— Էֆենտին զիս է ուզեր, ըսավ խմբագիրը, իմացուցեք. դրան մոտ նորեկ ծառա մը կընդդիմանար այս մուրացիկի զգեստով մարդուն։

Մարտիրոս էֆենտի անկյունը բազմոցին վրա նստած, սովորական անմատչելի անձը չէր. Քաքմաճյան կը զարմանար,