Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ո՞ր էր այն մարդը որ դրամ բառին դ գիրեն կսկսեր երեսք կախել, հազար առարկություն հարուցանել ստակ չի տալու համար. թերթը կանոնավոր կերպով չէր խրկվեր, լուրերը երկու շաբաթ առաքվան լուռերն էին։

Այսօր ընդհակառակն իր դեմքը չի մթագնեցավ, լուր հարցուց խմբագրեն, գովեստ խոսեցավ Եփրատի վրա. Քաքմաճյան իր առջի սիկառը ուզեց։

— Դուք հոտավետ ծխախոտ ունիք, սիկառ մը կաղաչեմ, էֆենտին ծխախոտը ներկայացուց և հառաջիկա շաբաթ օրվան ներկայացման առթիվ Եփրատի մեջ գեղեցիկ հոդված մը ուզեց խմբագրեն։

— Անոր համար կանչեցի Ձեզ։

— Գլխուս վրա։

Հիմա այս ազնիվ ընդունելության պատճառը հասկցած էր։ Օսմանիեի թատրոնին առաջին դերասանուհվույն նպաստ Ներկայացումն էր։

— Տաղանդավոր աղջիկ մ՛է այս դերասանուհին։

Մարտիրոս էֆենտին ազգին արվեստավորները քաջալերելու կողմն էր։

— Ի՜նչ է օտար թատրոններու տրված ստակը, մեր ազգային թատրոնը, մեր դերասանները հազար անգամ օտարե բարձր են։

Քաքմաճյան գիտեր այս ազգային թատրոնի համար ցույց տրված խանդաղատանքին գաղտնիքը, ու էֆենտիին տկարությանցը տեղյակ՝ հիմա կը թողուր իր պաշտոնական նստվածքը, սիկառին մուխը ռունգերեն կարձակեր, քրտնած ձիու մը պես, սենեկին կես լույսը անթափանց մառախուղի մը վերածելով. և բարև բռնող ձեռքը քակած, ոտքը ոտքին վրա հանելով, խմբագիրը տեսակցությունը շարունակեց։

Շաբաթ գիշեր Օսմանիեի թատրոնը արտասովոր բազմությամբ կը լեցվեր. ահագին gazometre մը կարծես այս շենքը, կամ մեծածավալ փեթակ մը որուն փոքրիկ դռնեն մտնողներուն