Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերջը չի գար։ Շաբաթե մը ի վեր թատրոնին մուտքին, փողոցի պատերուն, տախտակներուն վրա փակցված դեզին, կարմիր, կանաչ ծանուցումները, լրագրաց հրատարակությունները մեծ գիրերով ՆԱՐԴԻԿի անունը ամեն կողմ աչքի առջև կը գնեն և բազմությունը հրապուրված՝ անընդհատ կուգա գյուղեն, քաղաքեն, հետաքրքիր, տեսնելու համար դերասանուհին որ իր կատարելիք դերով նույնիսկ իր գոյությունը ի հանդես գիտի բերե։

Քամելիազարդ տիկին պիտի ներկայացվի, պարտիզին մեջ նոր եկող կառքերու թավալումը, խոսակցությունները, տոմսակ ուզողներու ձայնը, անթիվ, թվավոր նստարան, պենեոլառի, երրորդ հարկի օթյակ, աղեկ տեղ մը ընտրելու, շուտ ներս մտնելու ջանքերը՝ բոլորը իրարու կը խառնվին։

Ներսը՝ լուսափողփող ու բոլորակ սրահ մը որուն շուրջը օթյակներու չորս հարկերն կը բարձրանան իրարու վրա, դուրս գացող հսկա շոգենավի մը խցիկներուն պես. նոր հասնողները տակավ առ տակավ կը տեղավորվին. օթյակներու դուռները անընդհատ կը բացվին կը գոցվին սաստիկ շառաչմամբ. վերնահարկը, սրահը անհամար գլուխներով կը ծածկվին. և ամենուն տեղերը որոշող պաշտոնյաներուն ձայները կը լսվին շարունակ, տոմսակներուն համաձայն։

— Թիկնաթոռ թիվ 24։

— Նստարան թիվ 37։

Սխալներ տեղի կունենան, իրարու տեղ գրաված ըլլալու թողոքներ կը լսվին, և բազմությունը հետզհետե կը զետեղվի Թատերաբեմին փակ վարագույրին դիմացը, ծանոթներ զիրար կը բարևեն գլխով, ձեռքով, մեկը՝ վարագույրին վրայի պատկերին նշանակությունը կը հարցունե քովի նստող մարդուն. Նվագածուները իրենց գործիքները կը ներդաշնակեն խժալու աղմուկով մը ծածկելով բոլոր ձայները և հանդիսատեսներուն անհամբեր մասը ոտից կամ գավազաններու միօրինակ տրոփյունով ներկայացման սկզբնավորությունը կը պահանջե, ներկայացվելիք խաղին, անձերուն, դերասաններուն անունները պարունակող փոքրիկ ծանուցու՜մներ ձեռքե ձեռք կը շրջին հարցումներու, քննադատությանը տեղի տալով. օթյակներուն