Էջ:Krikor Zohrab, Collected works, vol. 2 (Գրիգոր Զոհրապ, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գանձապետը՝ Լևոնը, պելեթաժեն Շամլյան Հովակիմ աղան իր կնոջ ու աղուն Արմենակին հետ. ուրիշ օթյակի մը մեջ Ստեփանիկ աղան, քոնսոլիտ խաղացողն։

Բազմությունը՝ իր ոտից տրոփյունը կավելցներ. վերջապես զանգակը հնչեց, երաժշտությունը խոսակցությունները դադրեցուց և վարագույրը բացվեցավ։ Առաջին արարվածը խորին տպավորություն մը թողուց. ոմանք՝ խաղին հետևեցան. ոմանք դերասանուհվույն դաշնակավոր ձայնին, բոլորը՝ անոր մարմնական հրապույրին, կանայք անոր կապույտ թավշե մեծագին շրջազգեստին հավնեցան։

Նարդիկ՝ սիրո զգացումը իր անհուն, անծայրածիր տեսլականին մեջ արտահայտեց, ամենքը կը մաղթեին որ իրենց ուղղվեր անոր հրավառ շեշտերը և դերասանուհին կարծես այս մաղթանքը արդարացնելու համար բոլոր սրահին վրա կը պտտցներ իր բորբոքիչ նայվածքը։

Ծափահարություններ, փունջեր, bis, կեցցեի աղաղակ և առաջին արարվածը վերջացավ։

Թատրոնի նորեկներ հասկնաք կուզեին այս գեղեցիկ կնոջ ո՞վ ըլլալը, մանավանդ ո՞ւր բնակիլը։

Մեծ մաս մը թողուց իր աթոռները, պարտեզին զովությունը վայելելու համար. օթյակներուն մեջ այցելություններ սկսան։

Վարը, Հակոբիկ՝ իր ընկերը դերասանուհվույն քով տանիք կառաջարկեր։

— Երթանք Նարդիկը տեսնել, քիչ մառաջ «մեկտեղ բեր բարեկամդ» ըսավ ինծի, չուզած բանդ, այնպես չէ՞։

Փոքրահասակ, դուրս ցցված աչքերով երիտասարդ մը որուն ճաշակավոր հագուստը անձին տգեղությունը կը մոռցներ։ Խառնուրդ մը այս տղան, բոլոր գիշերօթիկ վարժարաններու Շահնազարյանի, Ռոպերթ քոլլեճի, Լիսեի, ուսկից ստացած ուսման հետքերը միայն մնացած էին քովը։ Գործի մեջ ճարտար ու հնարամիտ, մաքսատունեն հանելիք վաճառքները շուքի մը պես աննշմարելի կերպով անցրնելու գաղտնիքը գիտցող. կը վաստկեր շատ և շատ կը մսխեր, քանի մը հոգի էին ասոնք, քանի մը երիտասարդներ, Պահչե քափուի մեջ, որ